
«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ այսօր՝ նոյեմբերի 30-ին, համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող, բիզնեսմեն և գիտնական Նասիմ Թալեբը։ «Ինչպես գիտեք, դեկտեմբերի 1-ին և 2-ին կայանալու է արդեն երկրորդ՝ «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը, որը կազմակերպվել է էկոնոմիկայի նախարարության կողմից և նպատակ ունի, գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է Հայաստանում բիզնեսը դառնա գիտելիքահեն, տնտեսությունը դառնա ավելի նորարար, մրցունակ,- ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ համաժողովի ընթացքում բազմաթիվ բանախոսներ ելույթ կունենան, իսկ գլխավոր բանախոսը կլինի հայտնի գրող, բիզնեսմեն, գիտնական Նասիմ Թալեբը։ Ի դեպ, Նասիմ Թալեբը Հայաստանում է առաջին անգամ:
«Պիտի ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ և երջանկություն է լինել Հայաստանում: Ես եկել եմ Բեյրութից ժամանող ինքնաթիռով, որտեղ շատ էին հայերը։ Ես պիտի փաստեմ, որ Լիբանանում հայկական համայնքը բավականին մեծ է, նաև կարծում եմ, որ անցյալ կյանքում կապ եմ ունեցել հայերի հետ: Վերջերս ուսումնասիրություն էի կարդում, որը վերաբերում է գենետիկային։ Այնտեղ նշվում էր, որ Լիբանանի առաջին բնակչությունը բաղկացած էր նաև հայերից, ինչը շատ կարևոր է: Ինձ համար կրկնակի ուրախություն է, որ ես գիտարարության և կրթության օրերին եմ ներկա գտնվելու այս կարևոր համաժողովին։ Գիտեք, ես ինձ համարում եմ բիզնեսմեն, այսինքն որպես գործարար եմ անցել դեպի գիտություն ճանապարհը: Այդ ճանապարհն այնքան էլ ստանդարտ չի եղել»,- ասաց Թալեբը, նշելով, որ ինքը պրակտիկ է, բնույթով նաև թրեյդեր։ «Երբ գիտությունից գալիս ես իրականություն՝ այլ բան է, իրականությունից գիտություն՝ բոլորովին այլ»,- իր խոսքում նշեց Նասիբ Թալեբը՝ խոստանալով այդ մասին խոսել վաղը: