«Ես իմ ճանապարհը սկսեցի որպես թրեյդեր, մաթեմատիկական թրեյդեր, որից հետո դարձա գիդ թրեյդեր, հետո սկսեցի զբաղվել հետազոտություններով և հոդվածներ գրելով»,- համաժողովում ունեցած իր ելույթում նշեց գլխավոր բանախոս Նասիմ Թալեբը։

Նա իր խոսքը սկսեց հայերի մասին պատմելով և վստահեցրեց, որ Լիբանանում հայերը եղել են Տիգրան Մեծից առաջ, ոչ թե 1917 թվականից:

«Կյանքը եթե քեզ կիտրոն է տալիս, վերցնում հյութ ես սարքում: Այդպես արեցին փյունիկեցիները: Փյունիկեցիները ոչ մի ռեսուրս չունեին ապրելու համար, բացի մի փոքր փայտանյութից, որից կարելի էր նավ սարքել: Այդ ժամանակաշրջանում պղինձ էին փնտրում, նրանք նավերով հասնում էին Կիպրոս, գնում էին պղինձ ու վաճառում: Եթե դու գիտես առագաստանավ վարել, կարող ես պղնձից բացի այլ ապրանք էլ բերել քո երկիր ու վաճառել: Ահա նրանք բարգավաճեցին՝ սթրեսների միջով անցնելով»,- օրինակներ բերեց բանախոսը:

Նասիմ Թալեբը նաև խոսեց քաղաք-պետություն գաղափարի մասին: «Քաղաք-պետությունների շահն այն է, որ նրանք փոքր են։ Նրանք փորձում են համակարգեր կառուցել ու զարգանալ, բարգավաճել առևտրային ուղիների միջոցով: Հին աշխարհում պիտի հող զավթեին, որ բարգավաճեին։ Դուք հող կորցրիք, փյունիկեցիները չէին գնում հող զավթելու, նրանք հիմնվեցին առևտրի վրա:

Եթե դու առևտրով, այսինքն՝ կոմերցիայով ես զբաղվում, դու թքած ունես հողի վրա»,- բացատրեց Թալեբը, ապա եզրափակեց. «Ես ձեզ ցույց տվեցի, թե ինչպես են համակարգերը գլուխ հանում անորոշությունից։ Ես գնացի Հնդկաստան և իմացա, որ երիտասարդ հնդիկներն ուզում են գնալ Հարվարդում սովորելու, ոչ ոք չի մտածում ձեռնարկություն հիմնելու մասին, որովհետև վախենում են ձախողումից, իսկ Անգլիայում հակառակ պատկերն է, բայց նա կանգնած է սնանկության եզրին: Հասկացեք, որ փորձի ձախողումը ձեզ կարող է տանել հաջողության»։

869