Երևանում հունիսի 3-5-ը գինու երեք օրերին եղել է 50-60 հազար մասնակից, օրական միևնույն տարածքով մինչև 25 հազար մարդ էր ներկա, և դա որոշակի հաշվարկների արդյունքում է արված և ոչ թե աչքաչափով: Այս մասին Araratnwes.am-ի հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը:

Նա նշեց, որ սա դեռ վերջնական հաշվարկը չէ, և իրենք հարցախույզ են անցկացրել, 2500 հարցաթերթիկ է հավաքվել, որով իրականացվելու է միջոցառման մասնակիցների միջինացված հաշվառումը, թե ինչ թիրախային խումբ է եղել, որքանն էին զբոսաշրջիկ, որքանն էին հայաստանցի, սակայն այդ վերլուծության պատասխանի համար դեռ օրեր են հարկավոր:

Մերի Բադալյանը նշեց, որ մեծաթիվ օտարերկրացիների ներկայությունը նաև իրենց աշխատանքի արդյունքն էր, քանի որ ամիսներ շարունակ այլ երկրներում, հիմնականում ռուսական շուկայում, ինֆորմացիա էին տարածում «Երևանի գինու օրերի» 2022 թ. միջոցառման մասին:

Նա նաև նշեց, որ միջոցառման հաջողությանը նպաստում է նաև ընտրված ժամանակահատվածըզբոսաշրջիկը գալով Հայաստան՝ լցնում է իր օրերը հետաքրքիր տարբեր միջոցառումներով, սիրահարվում Հայաստանին և  իր հետ տանում դրական էմոցիաներ:

«2022 թվականի գինու օրերը ավելի ուրախ էին:  2021 թվականի համեմատ մարդկանց թվաքանակը  համարյա նույնն էր՝ չհաշված 2022 թ. երրորդ հավելյալ օրը։ Պարզապես անցած տարի տուրիստներն էին շատ ուրախ, հայաստանցիները կամ սփյուռքահայերը պարզապես գալիս էին հանգիստ զբոսնելու, լավ ժամանց անցկացնելու, իրենց պարտքը հայ արտադրողին տալու, քանի որ գինեգործները կարիք ունեին աջակցության, և ինչի համար էլ  անցած տարի 25-ի փոխարեն  43 գինեգործի էին տեղ հատկացրել միջոցառմանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տաղավարներում վաճառվող գինիների գներին, ապա կազմակերպիչը չհամաձայնեց, որ գինու գները թանկ էին: «Հայաստանում ընդհանրապես գինու սենգմենտն է թանկ, այսինքն, եթե մենք ցանկանում ենք միջազգային շուկայում մրցունակ լինել, ապա  ստիպված ենք լավ գինի ու թանկ գինի արտադրել:  Գինեգործը փառատոնի ժամանակ իր գինին ավելի էժան է վաճառում սուպերմարկետների, մասնագիտացված խանութների  համեմատ»,-  ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք չի՞ համարում, որ երաժշտությունը շուտ ավարտվեց, սակայն մարդկանց տրամադրությունը դեռ շարունակում էր բարձր լինել,  Մերի Բադալյանը նշեց, որ առաջին երկու օրը երաժշտությունը դադարել է 22:30-ին, երրորդ օրը՝ 22:00-ին:

«Քաղաքի կենտրոնում միջոցառում անելիս մեր  պարտավորությունն է՝ հետևել օրենքներին, օրենքը ասում է, որ 23:00-ին իրավունք չկա բարձր երաժշտություն, աղմուկ անել, բայց եթե 11-ին անջատում եք, դեռ 15-20 րոպե էլ աղմուկ է լինում, մարդիկ շարունակում են  ուրախանալ, պետք է ժամանակ տրամադրվի՝ մեծ հոսքը լքի տարածքը: Մենք բազմակողմանի ենք մտածել, որ քաղաքացիներին շատ չխանգարենք»,- ասաց նա և նշեց, որ այլ գործընկերների հետ հետխնջույքներ էին կազմակերպել ամեն օրվա վերջում, որտեղ քաղաքացիները կարող էին երաժշտությամբ շարունակել երեկոն:

Ամփոփելով՝ նա նշեց, որ այս տարի հերթական անգամ հասան իրենց նպատակին: «Մենք փառատոնի միջոցով բերեցինք Հայաստան  մի քանի տասնյակ հազար զբոսաշրջիկ, որը  ոչ միայն մասնակցեց գինու օրերին, այլև օգտվեց նաև այլ ծառայություններից և անուղղակի «ներդրում» արեց հայաստանյան մի քանի հազար մանր ու միջին ընկերություններում՝ հյուրատներ, տուրիստական ընկերություններ, հայկական արտադրության սնունդ, հուշանվերներ, խմիչքներ, գիդեր, տաքսիստներ և այլն:  Այս միջոցառումը ընդհանրապես նպաստում է գինու տուրերին, գինեգործությանը, մարդիկ ճանաչում են հայկական գինին և իրենց հետ տանում կամ փնտրում այն իրենց երկրներում»,- ասաց նա և նշեց, որ այցելուների տված լավ տրամադրությամբ  ևս հասել են թիրախային նպատակինտուրիստներն իրենց երկիր գնում են տպավորությամբ, որ Հայաստանը ուրախ, դրական լիցքերով երկիր է:

 

 

 

2384