
ԱՄՆ կառավարությունը նախազգուշացնում է Ստամբուլում իր քաղաքացիներին եկեղեցիների, սինագոգների, դիվանագիտական առաքելությունների և արեւմտյան երկրների քաղաքացիների հաճախ այցելվող այլ վայրերի վրա ահաբեկիչների հնարավոր հարձակումների մասին, կապված Շվեդիայում Ղուրանի այրման դեպքի հետ,- ասվում է Անկարայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Նախազգուշացումը մասնավորապես վերաբերում է Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ թաղամասերին, նշում են դիվանագետները։ Նրանք համաքաղաքացիներին հորդորել են լինել զգոն, խուսափել մարդաշատ վայրերից և ուշադրություն չգրավել։
Հրապարակված նախազգուշացումը նախորդի թարմացումն է՝ թվագրված հունվարի 27-ով, նաև Ղուրանի այրման հետ կապված միջադեպի վերաբերյալ, հայտնել են դեսպանությունից։ «Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով կրոնական հաստատությունները կամ այն վայրերը, որտեղ հաճախում են Արևմուտքի քաղաքացիները», - ասվում էր նախորդ ծանուցման մեջ: