
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Էրեբունի» ԲԿ-ն։
«Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան ուժգին քամու ժամանակ տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը:
Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խոր վնասվածքով:
Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկել է հղիությունը` դեռևս չծնված երեխան»,-ասված է հաղորդագրության մեջ: