Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց «Մարդուն օրգաններ և(կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Նախագծով կատարվող փոփոխության շրջանակներում օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի սահմանվում է նաև կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում:

Բացի այդ, բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգաններից ցանկից, ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն` սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը:

Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:

Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել են դրույթներ անձի` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի և դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ` ուղղված բնակչության շրջանում այս իրավունքների իրազեկվածության բարձրացմանը:

Նախագծի 11-րդ հոդվածից` կենդանի դոնորների ընտրության շրջանակից, հանվել է հաշմանդամություն ունեցող անձը: Բացի այդ, նախագծի նույն հոդվածով կատարված այլ փոփոխության համաձայն` անձի 65 տարին լրանալը այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար:

544