Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման և ենթակառուցվածքների հետագա ընդլայնման նախագծում Հայաստանի Հանրապետության համար լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին Բուն TV-ի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պարզաբանմամբ՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը պայմանավորված է մետրոպոլիտենի նախագծման և կառուցման տեխնիկական պարամետրերով:

«Հիմա, օրինակ, Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հարցում մենք վերլուծում ենք, որ լավագույն գործընկերը մեր կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև այն պարամետրերով, որ մենք նախագծում ենք և կառուցել ենք նախկինում... մետրոպոլիտենը, հիմա մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որպեսզի մենք «Աջափնյակ» կայարանը կառուցենք և հետագա շարունակությունն ապահովենք»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ռուսական կողմի հետ նախագծի իրականացումը հնարավորություն կտա գործընթացն առաջ տանել հնարավորինս նվազ բարդություններով:

Անդրադառնալով շինարարական աշխատանքների կազմակերպման դժվարություններին՝ վարչապետը նշել է, որ չնայած խորհրդային տարիներին մետրոպոլիտենի կառուցման փորձին, ներկայում Հայաստանում առկա չեն համապատասխան մասնագիտացված ընկերություններ:

«...Խորհրդային ժամանակներում, այո՛, կառուցել ենք, իհարկե, Խորհրդային Միության շրջանակներում մետրոպոլիտեն, բայց... Հայաստանում չկա ընկերություն, որ մրցույթ հայտարարենք, ասենք՝ եկե՛ք, մետրոպոլիտենը կառուցե՛ք, իրենք գան և այդ մետրոպոլիտենը կառուցեն»,-նշել է նա:

201