Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 19-ին՝ ՀՀ անկախության 35-ամյակին ընդառաջ, կայացել է «Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ. անկախություն և արտաքին քաղաքականություն» խորագրով քննարկում՝ շուրջ 250 երիտասարդների մասնակցությամբ։
 
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Միրզոյանը  նշել է. «Երկու օրից՝ սեպտեմբերի 21-ին, մենք կնշենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը: Մի կողմից սա բավական երկար ժամանակ է ամբողջությամբ հասունանալու և կյանքին պատրաստ լինելու համար: Մյուս կողմից՝ ակնթարթ է պատմության տեսանկյունից: Մի կողմից, եթե հետ ենք նայում, մենք կարողացել ենք ահագին կայանալ 35 տարվա ընթացքում, մյուս կողմից, ուզում եմ շատ անկեղծ լինեմ ձեզ հետ, գոնե իմ մոտ զգացողություն է, որ մենք նոր-նոր ենք պետություն դառնում, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, մենք առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ, և սա դրսևորվում է առաջին հերթին և գլխավորապես արտաքին քաղաքականության բնագավառում, այլ պետությունների հետ մեր հարաբերություններում»:

 
Ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ուղղելու շուրջ երեք տասնյակ՝ տարբեր թեմաների վերաբերող հարցեր։ Քննարկվել են անկախ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, խաղաղության հետևողական ամրապնդմանն ուղղված արտաքին քաղաքական օրակարգի թեմաներ, իրականացվող գործողությունները:
 
Հանգամանալից քննարկվել են Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման ու հետագա զարգացման, հարևան երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։ 
 
Մասնակիցներին հետաքրքրել են տարբեր ուղղություններով գործընկերությունների խորացման հնարավորություններն ու հեռանկարները, այդ թվում՝ ՀՀ տնտեսական շահերի առաջմղման կարևորության համատեքստում: Տեղի է ունեցել մտքերի հետաքրքիր փոխանակում վերափոխված և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականի շուրջ: 
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ և մեր տարածաշրջանի համար կարևորություն ունեցող միջազգային զարգացումներին։
 
Այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտար քաղաքականությամբ զբաղվելու ձգտում ունեցող երիտասարդին, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Քաղաքականություն մարդուն տանում են երազանքները, հետևաբար իմ խորհուրդն է չդադարել երազել և  չհոգնել դրանք իրականացնելու համար պայքարելուց, անընդհատ աշխատել, փորձել փոխել իրողությունները»:
 
Քննարկմանն ընդգծվել է արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ  երիտասարդների ընկալումների, տարբեր ծրագրերում նրանց անմիջական ներգրավվածության կարևորությունը։

172