
Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:
«Մոքսի ռոբոտն իր արհեստական բանականությամբ (ԱԲ) հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում: Այն ստեղծվել է 2016 թվականին ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի հիմնած Embodied, Inc. ընկերության կողմից:
Ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար:
Մոքսին սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Մոքսին ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։
Այն նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին»,- ասված է հաղորդագրության մեջ: