Թուղթ, պլաստիկ, ապակի ու նաև՝ ալյումին: Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այժմ քաղաքն արդեն ունի 930 նոր թափոնաման, որոնք կտեղակայվեն քաղաքի 300 տարբեր հատվածներում:

Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ինչպես նաև քաղաքապետարանի և առանցքային այլ կառույցների ներկայացուցիչներ:

«Ձեռք ենք բերել նաև սպասարկող երկու նոր բարձրակարգ մեքենա, որոնք կսպասարկեն ապակու թափոնամանները: Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի թափոնների կառավարման ռազմավարության մաս է: Նմանատիպ նախագծերը շարունակական են լինելու` ի նպաստ քաղաքացիների բարօրության և բարեկեցության»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Եվրոպական միության հետ՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով: Այն մեկնարկել էր 2020-ին: Այժմ քաղաքում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի:

«Ծրագրի հիմնական նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է, որպեսզի ոչ միայն նվազեցնենք դրանք, այլև պատշաճ կառավարվեն: ԵՄ 1.5 մլն եվրո է տրամադրել այս նախաձեռնությանը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:

«Թափոնամանների տեղադրմամբ մոտ 4 անգամ կավելանա վերամշակման հնարավորությունը: Սա ամենակարևոր բաղադրիչն է մեր այս ծրագրի, որին աշխուժորեն պետք է մասնակցեն նաև քաղաքացիները: Կոչ ենք անում միանալ ու միասին տեսակավորել թափոննները»,- նշել է ծրագրի խմբի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն:

Ոլորտի խնդիրները, մարտահրավերներն ու նաև նոր նախաձեռնությունների հնարավորությունները պատասխանատուները քննարկել են արդեն առանձին: Թափոնների կառավարումը քաղաքի համար ունի կարևոր բնապահպանական նշանակություն: Երևանը կանաչ ու մաքուր տեսնելու համար անհրաժեշտ է առաջնահերթորեն տեսակավորել աղբը:

609