Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի բարձրագույն հովանու ներքո գործող Խաղաղություն և սպորտի կազմակերպության նախագահ Ժոել Բուզուի, Նորին Մեծություն արքայազն Ալբերտ II-ի խորհրդական Ժան-Ժերոմ Պերեն-Մորտիեի և կառույցի գործադիր տնօրեն Մելիսա Սասի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են կազմակերպության գործունեությունը ու նախաձեռնությունները սպորտի միջոցով խաղաղության գաղափարի տարածման և տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը՝ ընդգծելով երկխոսության, փոխվստահության և համագործակցության միջոցով երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը։
Նշվել է, որ երկկողմ համագործակցությունը կարող է նպաստել սպորտի զարգացմանը՝ միաժամանակ խթանելով սոցիալական համախմբվածության ամրապնդումն ու տարբեր համայնքների միջև երկխոսությունը։ Կողմերն անդրադարձել են սպորտային քաղաքականության մեջ, կրթական ծրագրերում և երիտասարդական նախաձեռնություններում խաղաղության, հանդուրժողականության և սոցիալական համերաշխության արժեքների համակարգված ներառմանը։
Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի շրջանակում համագործակցության հնարավարությանը։