![](https://araratnews.am/admin/images/1707981316.jpg)
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուքների, նրբաքսուկների, հեղուկ դեղաձևերի, փոշի դեղաձևերի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 561 մլն դրամի կապիտալ ներդրում և 479 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի կապիտալ ներդրում՝ նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրական տարածքների կառուցման, արտերկրում դեղերի գրանցման համար և 896 մլն դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 125 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 123 հազ. դրամից մինչև 132 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 896 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78․5 մլն դրամ: