ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փետրվարի 26-ին հանդիպել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ:

Խաչատուր Սուքիասյանի հետ ուսանողները զրուցել են ներկա աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու, մեր երկրի անվտանգային հարցերի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացման մասին: Վերջինիս առնչությամբ պատգամավորը նշել է, որ այդ դեպքում Հայաստանի համար կընդլայնվեն հաղորդակցության ճանապարհները:

«Եթե չունենանք զարգացած տնտեսություն, ապա չենք ունենա ոչինչ»,- ասել է պատգամավորը: Նա կարեւորել է հայկական ապրանքանիշի ստեղծումը, գինեգործության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը:

ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ այդ հարթակը բավականին մեծ դեր ունի երկրի տնտեսական աճի ավելացման հարցում՝ հավելելով, որ այն պետք է առավել խորացնել եւ զարգացնել:

Պատգամավորն ուսանողներին հորդորել է լավ սովորել, դառնալ մրցունակ մասնագետ եւ զարգացնել Հայաստանը, քանի որ իրենք մեր երկրի ապագան են:
 

477