Այսօր կառավարությունը որպես նվիրատվություն բաժնետոմսերը ընդունելու մասին որոշում կայացրեց:
Այսպիսով «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը: Ընկերության ընդհանուր ժողովի նիստում որոշում է կայացվել և Ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր:
ՀՀ վարչապետն ասաց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը և կարևորեց, որ այս ռազմավարական ոլորտում կառավարությունը մասնակցություն և ներկայացվածություն ունի: «Քայլ-քայլ մեր ընկերություններին պետք է մղենք բաց բաժնետիրացում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ հորդորներից և կոչերից հետո, եթե ընկերությունները իքս պահին չգնան բաց բաժնետիրացման, ուրեմն հարկային քաղաքականությանը ուրիշ հարկեր պետք է տան:
«Որ կառավարության մի անդամի հորեղբոր տղան 20 տոկոս բաժնեմաս նվեր ստանար, բոլորը դրանից երջանիկ կզգային, որովհետև չէին իմանա դրա մասին ընդհանրապես, սրա պատմությունն էլ գիտենք, էդ դեպքերն էլ կան»,- ասաց նա: