Ալմա Աթայի հռչակագրով ԽՍՀՄ 12 հանրապետությունները (այդ թվում` Հայաստանը և Ադրբեջանը) ճանաչել են, որ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ, և որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանները վերածվում են միջպետական սահմանների։ Այս մասին թուրքական TRT World-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

«Ցավոք, երբ փորձում ենք այս հռչակագրին ու ճանաչմանը հղում տալ խաղաղության պայմանագրում, տեսնում ենք ադրբեջանցի մեր գործընկերների հապաղումը։ Սա հարցեր ու մտահոգություններ է առաջացնում, որ ադրբեջանական կողմը հեռահար ծրագրեր ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,-նշել է նա:

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը համաձայն է, որ հաղորդակցությունների վերականգնումը պետք է տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա (իրավասություն, օրենսդրություն, հավասարություն և փոխադարձություն), սակայն պնդում է, որ երրորդ կողմը պետք է ապահովի ճանապարհի անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներն ու բեռները պետք է հատեն Հայաստանի սահմանն առանց ստուգումների։

Այնուամենայնիվ, Միրզոյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է երաշխավորել անցնող բեռների ու մարդկանց անվտանգությունը:

«Պատրաստ ենք պարզեցված ընթացակարգերի, բայց ոչ ոք չի կարող մտնել և դուրս գալ մեր երկրից առանց անգամ գրանցվելու»-նշել է նա:

610