«Մամուլում տարածվող տեղեկությունները՝ թե կոնսերվատորիան իբր փակվում է և շենքը վաճառվելու է՝ լկտի սուտ է։ Կոնսերվատորիան չի վաճառվում, որեւէ հյուրանոց չի կառուցվում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին մի քանի հարյուր միլիոն դրամ է հատկացվել պետության կողմից, եւ կոնսերվատորիան վերանորոգվում է։

 

«Կոնսերվատորիան, ինչպես մեր մյուս պետական բուհերը, նախատեսվում է տեղակայել նոր ենթակառուցվածքներով, նոր կազմակերպա-իրավական ձեւով ակադեմիական քաղաքում։ Եվ ակադեմիական քաղաքը կառուցելուց հետո միայն կոնսերվատորիան, ինչպես և մեր մյուս բոլոր պետական բուհերը, գիտական ինստիտուտները կմիավորվեն կլաստերների մեջ և կտեղակայվեն ակադեմիական քաղաքում, իսկ իրենց շենքերը կմնան իրենց բալանսում՝ չի վաճառվի»։

 

Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ տարածված աղմուկի պատճառը, հնարավոր է, լինի դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ-ի՝ բոլոր պետական համալսարաններին իջեցրած հրահանգը, ըստ որի՝ մեկ տարի ժանակ է տրվել բոլոր պետական ԲՈՒՀ-երին՝ ներկայացնելու իրենց սեփական տեսլականը, թե ինչպես են պատկերացնում ակադեմիական քաղաքում իրենց գործունեությունը այդ ոլորտի այլ բուհերի հետ համատեղ միավորված տեսքով։

«Օրինակ լինելու է 8 կլաստեր, և ակադեմիական քաղաքում արվեստի կլաստերի մեջ տեղակայելու ենք արվեստի ճյուղի հետ կապված բոլոր բուհերը (կոնսերվատորիան, թատերականը, գեղարվեստի ակադեմիան, պարը) պետք է լինեն մեկ կլաստերի մեջ՝ մեծ մեգանախագծի ակադեմիական քաղաքի ներսում։ Բայց որևէ շենք չի վաճառվել, չի վաճառվում հյուրանոց կառուցելու համար, ինչի կապակցությամբ այդքան մեծ աղմուկ է բարձրացել»։

Պատգամավորը նկատեց, որ ակադեմիական քաղաքի կառուցումը ամենամեղմ հաշվարկներով կտևի շուրջ 5-7 տարի, և բոլոր ԲՈՒՀ-երը կունենան իրենց առանձին լսարանները, համերգասրահները, բոլոր-բոլոր ենթակառուցվածքները։

«Այսինքն առաջիկայում որևէ բան չի փակվելու, չի վաճառվում և չի էլ վաճառվելու երբեք»,- հավաստիացրեց Սիսակ Գաբրիելյանը։

6589