Այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որի հիմնական նպատակը ՀՀ կառավարության երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, մասնավորապես՝ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շարունակականության ապահովումն է։ Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ ծրագրի մեկնարկից՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս աջակցություն է ստացել 9464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ, որից 1530-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (1,343,679,289 դրամ), 2769-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (142,031,787 դրամ), 5165-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (5,181,052,543 դրամ)։
Ըստ հիմնավորման՝ 2023 թվականին Ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 3,617 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2 մլրդ 661 մլն դրամ, որից 513-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (487,571,728 դրամ), 1075-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (46,153,396 դրամ), 2029-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (2,127,027,484 դրամ)։
Ծրագրերի իրականացման 4 տարիների ընթացքում արձանագրվել է դիմումների թվի աննախադեպ աճ, որն արտահայտվել է յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո։ Այդ ամենին նպաստել են Ծրագրերի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակներում իրականացված գործողությունները, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների պատրաստակամությունը հիփոթեքային վարկավորման նպատակով իրենց դիմած քաղաքացիների շրջանում Ծրագրերից օգտվելու հնարավորության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման հարցում, ինչպես նաև շահառուների շրջանում մեծ հետաքրքրությունը Ծրագրերի նկատմամբ։
Այսպիսով ներկայացվող նախագծով առաջարկվում է մինչև 2026 թվականը երկարաձգել ծրագրերի գործողության ժամկետը՝ միաժամանակ իրականացնելով ծրագրերի պայմանների որոշակի փոփոխություններ, որոնք կբարձրացնեն Ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ովքեր չունեն երեխա, կամ ունեն մեկ երեխա, այս ծրագիրը նրանց մասին չէ, բայց նրանք, ովքեր պլանավորում են ունենալ երկրորդ երխա, ծրագիրը նրանց մասին է: Դավիթ Խաչատրյանը նշեց, որ եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեքային վարկ, երեխայի ծնվելու դեպքում ծրագիրը կվերաբերի նրանց էլ:
«Շատ կարևոր է, որ մեր շահառուն երեխան է»,- ասաց նա: Ի դեպ, հայտնի դարձավ նաև, որ ԼՂ-ից տեղահանված յոթ ընտանիք ևս շահառու են:
Նշենք, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է մինչև 2026 թվականը երկարաձգել Ծրագրերի գործողության ժամկետը՝ միաժամանակ իրականացնելով Ծրագրերի պայմանների որոշակի փոփոխություններ, որոնք կբարձրացնեն Ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Մասնավորապես՝
- Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված փոփոխությամբ առաջարկվում է սահմանել Ծրագրերի գործողության նոր ժամկետ՝ 2020-2023 թթ. փոխարեն 2024-2026 թթ.։
- N 968-Լ որոշման հավելվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից շարունակվելու են Մարզում հիփոթեքի աջակցության և Հիփոթեքի մարման աջակցության ծրագրերը՝ որոշակի փոփոխություններով։ Մասնավորապես՝ նախատեսվում է որպես Ծրագրերում ընդգրկվելու պարտադիր պայման սահմանել այն, որ ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուի և նրա ամուսնու միակ սեփականությունը, ինչը հանարավորություն կտա իրականացնել շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն։ Միաժամանակ առաջարկվում է 5 մլն դրամով բարձրացնել ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքի արժեքի նկատմամբ կիրառվող առավելագույն սահմանաչափը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը։
- Նախագծով նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, ովքեր անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ, կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել/կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա։
- Նախագծով սահմանվում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների դրամական աջակցության վճարման դադարեցման գործընթացն այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի արժեքի hարաբերակցությունը հիփոթեքային պարտավորության ապահովագրման պահին կազմում է 70%-ից ցածր, բացառությամբ ծրագրային, այդ թվում՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորված և փուլային վարկերի, որոնց դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է տվյալ ծրագրի իրականացման կարգով սահմանված՝ կանխավճարի ապահովագրման գործընթացի դադարեցման դեպքում։