Araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի  (ԵՊՀ) Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի ուսանող Մյասնիկ Սահակյանն է:

Զրույցի սկզբում Մյասնիկը նշեց, որ որպես ուսանող՝ շատ գոհ է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից և առարկան հասկանալու ու ընկալելու, ինչպես նաև սիրելու տեսանկյունից շատ մեծ է դասախոսի դերը:

Մյասնիկ, կասե՞ք, թե ինչպես ընդունվեցիք ԵՊՀ փիլիսոփայության բաժին։ Ի սկզբանե, հենց այդպե՞ս էիք որոշել։

Ի սկզբանե որոշել էի ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը, սակայն մի քննության անհաջող լինելու պատճառով ընդունվեցի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին: Մտադրություն ունեի առաջին կուրսը ավարտելուց հետո բաժինս փոխել և ընդունվել հանրային կառավարում, սակայն այս բաժինը շատ դուր եկավ և որոշեցի մինչև վերջ ուսումս շարունակել փիլիսոփայության բաժնում:

Ո՞ր ոլորտներում կարող է աշխատել ԵՊՀ փիլիսոփայության բաժնի շրջանավարտը։

Ոլորտները շատ-շատ են, սակայն կառանձնացնեմ մի քանիսը` 1. գիտություն, 2. զանգվածային լրատվամիջոցներ, 3. քաղաքականություն, 4. կրթություն, 5. մարդկային ռեսուրսավորում, 5. մշակույթ, 6. հանրային կառավարում, 7. դատական համակարգ:

Մի փոքր կպատմե՞ք միջանկյալ ստուգումների և բանավոր քննությունների անցկացման ընթացակարգից։

Կան առարկաներ, որոնք միջանկյալ քննություններով են, կան առարկաներ, որոնք ուղղակի ստուգարքներ են: Մասնագիտական առարկաներից կիսամյակի ընթացքում հանձնում ենք երկուական միջանկյալներ և կիսամյակի վերջում՝ բանավոր եզրափակիչ քննություն:

Ի՞նչ առարկաներ եք հասցրել ուսումնասիրել ԵՊՀ փիլիսոփայության բաժնում։

Քանի որ դեռ մեկ ուսումնական տարի եմ հասցրել ուսումնառել այս բաժնում, ուսումնասիրված առարկաները դեռ քիչ են: Հասցրել ենք ուսումնասիրել Փիլիսոփայության ներածություն, անտիկ փիլիսոփայություն, տրամաբանություն, մշակութաբանություն, սոցիալական փիլիսոփայության ներածություն, միջնադարի և վերածննդի փիլիսոփայություն: Սրանք միայն մասնագիտական առարկաներն են, այս առարկաների հետ միասին ուսումնասիրել ենք նաև հայոց լեզու, ռուսերեն, անգլերեն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ֆիզիկական կուլտուրա:

Ո՞ր հերթով են դասի հաճախում ապագա փիլիսոփաները։

Բաժնի ուսանողների սակավության պատճառով մեր ֆակուլտետում միայն առաջին հերթով են ընթանում դասերը:

Ինչ առաջնահերթ հմտությունների պետք է տիրապետի ապագա փիլիսոփան։

Ապագա փիլիսոփան պետք է տիրապետի մի շարք հմտությունների, որոնցից էական են հատկապես` ձգտելու, շատ կարդալու, ճկուն միտք և ճարտար լեզու ունենալու կարողությունները:

Հետագայում Ձեր ուսումը փիլիսոփայության ուղղությամբ շարունակելու մտադրություն ունե՞ք։

Այո, իհարկե, ընդունվելով և ուսումնասիրելով այս բաժինը` պարզեցի, որ կարող եմ հետագայում քաղաքական դաշտում գործունեություն ծավալել, ինչն էլ ի սկզբանե պատճառ էր դարձել հանրային կառավարման բաժնում սովորելու ցանկությանս համար:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն աշակերտներին, որոնք ուզում են դիմել ԵՊՀ փիլիսոփայության բաժին։

Եթե ունեք ցանկություն դպրոցից հետո ուսումը շարունակելու հենց այս բաժնում, ապա խորհուրդ կտամ նախօրոք ուսումնասիրել մի քանի փիլիսոփաների և նրանց գաղափարները, օրինակ` Արիստոտել, Սոկրատես, Թովմա Աքվինացի, Թալլես:

Այսօր փիլիսոփայի մասնագիտությունն արդիակա՞ն է։

Ժամանակի ընթացքում կարծես թե մարդիկ սկսել են քիչ կարևորության տալ այս մասնագիտությանը, սակայն այն շատ ավելի կարևոր է, քան կպատկերացնի ցանկացած մեկը: Դեռ նախորդ դարի 80-90-ական թվականներից փիլիսոփայության բաժին ընդունվելու համար պիտի 30-ն անց լինեիր և պարտադիր ունենայիր աշխատանքային փորձ, ինչն այն ժամանակ պարտադիր չէր շատ ուրիշ բաժիններում: Եվ մի բան ևս ավելացնեմ. երբ Հայաստանը ԽՍՀՄ-ի մաս էր կազմում, շատ ու շատ անվանի գործիչներ, պաշտոնյաներ հենց փիլիսոփայության բաժնի շրջանավարտներ են եղել:

Որտե՞ղ եք պատրաստվում անցնել Ձեր համալսարանական պրակտիկան։

Արդեն նշեցի, որ մեր բաժինը մասնագիտությունների հարցում շատ լայն հնարավորություններ է ընձեռում, բայց ես, քանի որ հետաքրքրված եմ քաղաքականությամբ, իմ պրակտիկան, երևի թե, կանցնեմ հենց Ազգային ժողովում:

Օլյա Շահինյան

1829