Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով սահմանվում է էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոններին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ էկոպարեկային ծառայության ծառայողն  իր գործառույթն իրականացնելու է 24/7  շուրջօրյա ռեժիմով ՀՀ պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ծառայության ընթացքում Ծառայողի ծառայողական պարտականությունների իրականացման նկատմամբ առկա է արտաքին ճնշումների բարձր հավանականություն:

Ընդ որում, Ծառայության էկոպարեկները վարչական  տույժ նշանակելու մասին որոշումներ կայացնելու իրավասությունից զատ,  իրավասու են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերով և կարգով կիրառել զենք և հատուկ միջոցներ, սահմանափակել իրավախախտ անձանց տեղաշարժը իրավախախտման վայրից, կանխելու վերջիններիս փախուստը  և այլն։

Ծառայության դերը շատ հաճախ անտառների հարակից համայնքների բնակիչների կողմից ճիշտ չի ընկալվում, պահպանության գործառույթ իրականացնող աշխատակցի գործառույթն ընկալվում է  անձնավորված, ինչն իր հերթին շատ հաճախ հանգեցնում է ընդգծված բացասական վերաբերմունքի վերջիններիս նկատմամբ:

Միաժամանակ  վերջին տարիներին ապօրինի անտառհատումների քրեական վարույթների վիճակագրության հիման վրա արձանագրվել են իրավախախտների և պահպանության ծառայություն իրականացնող աշխատողների միջև բախումների դեպքեր։

Նախագծի  մշակման ընթացքում առանձացվել են Ծառայության այն պաշտոնները, որոնց գործառույթների շրջանակը և գործառույթներով պայմանավորված իրավունքները և պարտականությունները, աշխատանքների կազմակերպման և պարտականությունների շրջանակը, արտաքին ազդեցություն ունեցող որոշումների կայացման լիազորությունը, հանրության հետ շփումների շրջանակը և խնդիրների բարդությունը համապատասխանում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններով պայմանավորված պաշտոններին։ 

181