
Մարտի 30-ը ավագ շաբաթն է, պահքից դուրս գալու համար հարկավոր է այդ օրը գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագին, ստանալ Սուրբ Հաղորդություն և նոր համարել, որ Պահքն ավարտված է։
Հայտնի է, որ պահքը լինում է հոգևոր և սննդային։ Եթե հարցնում ենք, թե ինչպե՞ս դուրս գալ պահքից, ապա կարևոր է ընդգծել, որ հոգևոր պահքից դուրս չենք գալիս։ Հոգևոր պահքը պետք է ուղեկցի մեզ ամբողջ կյանքի ընթացքում։
Իսկ սննդային պահքից դուրս գալու համար կարևոր է Ավագ շաբաթվա ընթացքում մասնակցել եկեղեցում իրականացվող բոլոր արարողակարգերին, իսկ վերջում՝ Ճրագալույցի օրը (շաբաթ երեկոյան) առավոտից ծոմ պահել եւ մասնակցել Ճրագալույցի Ս. Պատարագին ու Հաղորդություն ստանալով՝ դուրս գալ պահքից։
Ս. Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում խորհուրդը: «Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին՝ հաց ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Հացն ու գինին խորհրդավոր կերպով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի ու Արյան են փոխակերպվում Ս. Պատարագի ընթացքում՝ Սրբագործման պահին: Հացի ու գինու արտաքին հատկանիշները մնում են նույնը, իսկ ներքին էությունը փոխակերպվում է Քրիստոսի Մարմնի ու Արյան: Մեր Եկեղեցում հացն ու գինին օրհնում են առանձին-առանձին և այնուհետև ճաշակելիս միավորում:
Հաղորդվել՝ նշանակում է հաղորդակցության մեջ դնել արարածին՝ Արարչի հետ, մեղավորին՝ Քավչարարի հետ, փրկվածին՝ Փրկչի հետ: Այս խորհրդով կենսական կապ է ստեղծվում քրիստոնյայի և Քրիստոսի միջև:
Հաղորդություն ստանալու համար անհրաժեշտ է.
1. Լինել մկրտված, եթե անձը մկրտված չէ, իրավունք չունի հաղորդություն ստանալ:
2. Ս. Հաղորդության մոտենալ մեծ հավատքով և ինքնաքննությամբ՝ խորհելով սեփական մեղքերի մասին:
3. Պետք է զղջալ և ցավ ապրել գործած մեղքերի համար, ապաշխարել:
4. Պետք է մասնակցել Խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ:
5. Պետք է ծոմ պահել, այսինքն՝ Հաղորդություն ընդունելու օրը, հաղորդությունից առաջ արգելվում է որևէ բան ուտել կամ խմել: Ծոմապահությունը պետք է սկսել Ս. Պատարագի օրվան նախորդող երեկոյից, կամ Ս. Պատարագի օրվա առավոտից: Եթե ինչ որ բան կերել կամ խմել ենք, ապա չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին:
6. Հղի կանայք, երեխաները և հիվանդները կարող են հաղորդվել առանց ծոմապահության:
7. Ծանր հիվանդները կարող են հաղորդվել տանը, առանց ծոմապահության:
8. Ս. Հաղորդություն չի տրվում հետ ծննդաբերության քառասունքի մեջ գտնվող կանանց և դաշտանի ժամանակ:
9. Ս. Հաղորդություն ստանալու բուն պահը պատարագի վերջում է, երբ սարկավագն ասում է. «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք:
10. Հաղորդությանը մոտենալիս պետք է խաչակնքվել և ասել «Մեղայ Աստուծոյ»: Կանայք պետք է լինեն գլխաշորով:
11. Հաղորդություն ստանալուց հետո չհեռանալ եկեղեցուց մինչև պատարագը չավարտվի: