Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա էդգար Մ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով Հալաբյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարոն Ստեփանյանն ու Արամ Ազատյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

228