Ապրիլի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում, Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։

Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մեկը միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին։ Ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դասից վերադառնալիս են եղել։

4173