Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։
«Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողների շահառուների ցանկը։ 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում, ինչի արդյունքում գրանցվել է 736 հղիություն, ծնվել է 159 երեխա։ Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք արդեն 100-ից ավելի ծնված բալիկներ ունենք»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ 2023 թվականին ծնվել է 35 հազար 854 երեխա՝ 2022 թվականի 35 հազար 649-ի համեմատ։
Հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և քրոնիկ վիճակների կառավարման մասով Ավանեսյանը կարևորեց Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բարեփոխումները՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների:
«ԱԱՊ այցելությունների թիվը նախորդ տարվա 5,3 միլիոնից 2023-ին կազմել է 6 միլիոն»,- տեղեկացրեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ շարունակելու են այս օղակում վերազինման և կատարելագործման աշխատանքները:
«2023-ին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են մեկ տասնյակից ավելի ԲԿ-ների կառուցման, վերակառուցման ծրագրեր: Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոններն այսօր մատուցում են արդի ծառայություններ մարզի բնակչությանը: Մեկնարկել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի, Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկական մասնաճյուղի վերակառուցման աշխատանքները: Շարունակվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Հոգեկան առողջության կենտրոնի, Սիսիսանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի, Մասիսի, Եղվարդի, Տաշիրի ԲԿ-ների շինարարական աշխատանքները: Ընթանում է 19 ամբուլատորիաների և 9 պոլիկլինիկաների կառուցման, վերակառուցման և նախագծման աշխատանքները»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծեց՝ շարունակելու են Կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները, որոնց մեջ ամենակարևորներից մեկը ապահովագրությունն է:
Մանրամասները տեսանյութում