Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Մասնավորապես համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների:
Ընդհանուր առմամբ 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նախորդ՝ 2023/2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը: Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային այս տարի կհատկացվի 598 տեղ, նախորդ տարվա 480-ի փոխարեն (118-ով ավելի): Պաշտպանության նախարարությունը 2023/2024 ուստարվա՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսել էր 180 տեղ (պլանավորված 350-ի փոխարեն), իսկ այս տարի՝ 160-ը (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով նախատեսված 350-ի փոխարեն): 2024-2025 ուսումնական տարվա համար ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր շրջանավարտների համար (7 տեղ):
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած որոշման մեջ, որով սահմանվել է նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները: Որոշման արդյունքում՝ կկատարելագործվի և կթվայնացվի ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տվյալների տրամադրման գործընթացը: Դա հնարավորություն կտա նաև խուսափել ավելորդ վարչարարությունից, որի արդյունքում կբացառվեն տեխնիկական վրիպակները և մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականությունը: