Oragir.news լրատվական կայքում հրապարակված «Ռեկտորներ «խայտառակել ռեսպուբլիկան»․ Արայիկ Հարությունյանի «սերը» Վանաձորի ռեկտորին պրոֆեսոր է սարքել» վերնագրով նյութի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բողոքի կապակցությամբ։

Ա․ ՓԱՍՏԵՐ

• 2024 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ բողոքելով փետրվարի 10-ին Oragir.news լրատվական կայքում հրապարակված «Ռեկտորներ «խայտառակել ռեսպուբլիկան»․ Արայիկ Հարությունյանի «սերը» Վանաձորի ռեկտորին պրոֆեսոր է սարքել» վերնագրով հոդվածի դեմ։ Հոդվածում, հղում անելով սեփական աղբյուրներին, հեղինակը մասնավորապես պնդում է, թե բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանին 2020 թվականին պրոֆեսորի կոչում է տվել պաշտոնական փաստաթղթերի կեղծումով եւ ընթացակարգերի խախտմամբ՝ հետեւելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգին։ Հոդվածում հեղինակը մեջբերում է նաեւ ԲՈԿ այն ժամանակվա ղեկավար Սմբատ Գոգյանի խոսքերն այն մասին, որ վերջինս չի հիշում 4 տարի առաջ տեղի ունեցած գործընթացի մանրամասները, այդուհանդերձ պնդում է, որ իր նկատմամբ ԿԳՄՍ նախարարի կողմից որոշում կայացնելու հարցում ճնշումներ չեն եղել։

• Դիմումատուն նշել է, որ հոդվածում առկա իրեն՝ Ա․ Հարությունյանին վերաբերող տեղեկություններն ակնհայտ սուտ են եւ զրպարտչական, եւ որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում ինքը որեւէ անձի գիտական կոչումը ճանաչելու վերաբերյալ երբեւէ հրահանգ կամ անօրինական հանձնարարական չի տվել։ Ըստ դիմումատուի՝ հրապարակման հեղինակը տեղեկության իսկությունը իրենից կամ վարչապետի աշխատակազմից ճշտելու փորձ չի արել: Արայիկ Հարությունյանը ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին խնդրել է գնահատական տրամադրել նմանատիպ գործելակերպի եւ հոդվածի վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցին ներկայացնել հերքման պահանջ:

• Քննության առնելով դիմումը՝ Դիտորդ մարմինը կապ է հաստատել Oragir.news-ի խմբագրության հետ եւ պարզաբանումներ է ստացել կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանից։ Վերջինս տեղեկացրել է, որ Արայիկ Հարությունյանին վերաբերող այլ նյութերի պարագայում բազմիցս փորձել են կապ հաստատել նրա կամ նրա ներկայացուցիչների հետ եւ մեկնաբանություններ ստանալ նրանից, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել։ Ուստի, ըստ Էմին-Տերյանի, կոնկրետ այս նյութի պարագայում անիմաստ են համարել պարզաբանում ստանալու փորձ կատարել։

• Լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը տեղեկացրել է, որ Հարությունյանի կամ նրա ներկայացուցչի պատշաճ դիմումի դեպքում պատրաստ է քննարկել կայքում գրավոր հերքում հրապարակելու հարցը, ինչպես նաեւ պատրաստ է ցանկացած ձեւաչափով հարթակ տրամադրել Արայիիկ Հարությունյանին՝ իր տեսակետը ներկայացնելու համար։

• ԴՄ-ն ապրիլի 2-ի հեռավար նիստում ընդունված որոշմամբ լրացուցիչ դիմել է Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին՝ փոխանցելով Oragir.news-ի խմբագրության վերոնշյալ տեսակետը եւ առաջարկել է իր աջակցությունը` պատասխան հրապարակման նպատակով փոխադարձ շփումները կազմակերպելու հարցում։

• Արայիկ Հարությունյանի ներկայացուցիչը հրաժարվել է Oragir.news-ի հարթակում որեւէ ձեւաչափով հանդես գալու առաջարկից եւ տեղեկացրել է, որ ապրիլի 3-ին հերքման պահանջով գրավոր դիմել է խմբագրությանը։ Ի պատասխան՝ կայքում ապրիլի 9-ին հրապարակվել է մեկ այլ հոդված, որտեղ հերքման պահանջն ըստ էության մերժվել է՝ օրենքով հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ։

• Oragir.news-ը ԲՈԿ ներկա ղեկավարությանը հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար գրավոր դիմել է արդեն խնդրո առարկա հոդվածի հրապարակումից հետո՝ փետրվարի 12-ին, ինչի մասին նշվում է թեմայի շուրջ մեկ այլ՝ փետրվարի 23- ին լույս տեսած «Լոռվա ձորի ծակ պրոֆեսորը. 3 հոգի, 2 հանցանք` Վանաձորի համալսարանից» վերնագրված հոդվածում։ Գեւորգ Էմին-Տերյանի հավաստմամբ՝ ԲՈԿ-ից մինչ օրս պատասխան չեն ստացել։

   Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք

Հոդված 8.1 Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հոդված 8.5. Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:

Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագիր

Խմբագրությունը եւ լրագրողները պարտավոր են՝

Հոդված 1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։

1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը։

1.5. Վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի եւ հավաստի տեղեկությունների վրա։

1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի եւ սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս։

2.1. Հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները։

2.2. Հնարավորինս խուսափել տեղեկատվության խորհրդապահական աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որեւէ պարագայում չբացահայտել այն։

2.3. Խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ եւ գաղտնի մեթոդներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը: Այսպիսի մեթոդների կիրառման անհրաժեշտությունը պետք է ներկայացվի եւ հիմնավորվի բուն հրապարակման մեջ։

Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով բողոքը եւ լրացուցիչ պարզաբանումներ ստանալով կողմերից, արձանագրում է, որ

• ԴՄ-ն հետաքննություն անցկացնելու բավարար գործիքներ եւ գործառույթ չունի՝ պարզելու համար քննարկվող հոդվածում բերված տվյալների իսկությունը եւ այդ իմաստով չի կարող հերքման պահանջ ներկայացնել լրատվամիջոցին։ ԴՄ-ը դիմումատուին խորհուրդ է տվել ԶԼ մասին օրենքի դրույթների համաձայն հերքման/պատասխանի պահանջով դիմել անմիջապես Oragir.news-ին։

• Oragir.news կայքը խախտել է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկայի կանոնագրից սույն փաստաթղթի Բ մասում մեջբերված հոդվածները, որովհետեւ՝

➢ Խմբագրությունը մինչեւ հրապարակումը չի ստուգել իր աղբյուրերից ստացված տեղեկությունների հավաստիությունը, առնվազն Արայիկ Հարությունյանից կամ նրա գրասենյակից մեկնաբանություն ստանալու փորձ չի կատարել։ Թեեւ կայքի խմբագիրը նշում է, որ դրա պատճառը նախկինում Հարությունյանից այլ հարցերով մեկնաբանություն ստանալու փորձերի ապարդյուն լինելու հանգամանքն է, այդուհանդերձ, որեւէ նյութ պատրաստելիս անհրաժեշտ է փորձել ստանալ դրանում արծարծվող անձանց մեկնաբանությունը եւ նրանց պատասխանի հնարավորություն ընձեռել։

➢ Նյութում լսարանի համար հասկանալի ձեւով նշված չեն այն միջոցները, որոնք կիրառել է հեղինակը (խմբագրությունը)՝ իր ունեցած տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար։

➢ Նյութի վերնագիրը չի բխում բովանդակությունից։

➢ Նյութում ներկայացված տեղեկությունները վերցված են անանուն աղբյուրներից, ընդ որում, չի նշվում տեղեկության աղբյուրի գաղտնի մնալու շարժառիթը (անձնական, մասնագիտական անվտանգություն եւ այլն), բուն հրապարակման մեջ չի հիմնավորվում աղբյուրների գաղտնիության անհրաժեշտությունը

Դիտորդ մարմնի հավանությանը կարժանանար Արայիկ Հարությունյանին պատասխան հրապարակմամբ հանդես գալու համար հարթակ տրամադրելու՝ լրատվամիջոցի պատրաստակամությունը եւ կարող էր առաջարկել իր փորձագիտական աջակցությունն այդ պատասխանի բովանդակային պատշաճությունը օրենքի եւ էթիկայի պահանջների տեսակետից գնահատելու հարցում։ Սակայն խմբագրությունը ոչ թե վիճարկել կամ հաստատել է պատասխանի բովանդակության պատշաճ լինելը, այլ հրաժարվել է պատասխանը հրապարակել՝ վկայակոչելով հերքման համար օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հանգամանքը։ Ավելին, օգտագործելով առիթը, կրկին շարադրել է պատասխանատու լրագրության տեսանկյունից խնդրահարույց դրույթները գրեթե ամբողջությամբ։ Դիտորդ մարմնի գնահատմամբ՝ այս փաստը առավել ակնհայտ է դարձնում Oragir.news-ի կողմից մասնագիտական էթիկայի սկզբունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։

 Ընդունվել է 2024 թ․ ապրիլի 11-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ

ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԳԱԼԱ» ՀԸ գործադիր տնօրեն

Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Արա ՇԻՐԻՆՅԱՆ

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Շուշան ԴՈՅԴՈՅԱՆ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 81-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների՝ 2023 թվականի հունիսի 25-ի ընդհանուր ժողովում

245