Երևանում նախորդ տարի հիմնված 19 հա քաղաքային անտառներում ու վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ 16 հա բուն անտառային գոտուց 15 -ը Եռաբլրի տարածքում է։

Եռաբլուրում, օրինակ, անցկացվել է  շուրջ 8 կմ ոռոգման ցանց, տնկվել ավելի քան 5 հազար ծառ և թուփ։ Ընտրվել են հիմնականում տեղի կլիմայական պայմաններին հարմարված, դիմացկուն, պտղատու և անտառային ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի։ Ճանապարհի եզրագծով նաև սոսիներ են տնկվել:

Նոր հիմնված քաղաքային անտառներում կպչողականությունը կազմել է 95 տոկոս։

««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ սովորաբար կպչողականությունը հաշվում են փորձահրապարակներ հիմնելով, իսկ իրենք հատ առ հատ են ստուգել ու հաշվել։

«Եթե տեսնում եք, որ ծառն այս պահին տերևակալած չէ, չի նշանակում, որ չորացած է։ Տարբեր ծառեր տարբեր ժամանակ են առաջացնում իրենց տերևային զանգվածը։ Օրինակ՝ մի ծառն արդեն տերևակալված է, անգամ ունի պտուղներ։ Եվ մյուսը, որն առաջին հայացքից կարող է թվալ չորացած է, ուշադիր դիտելիս երևում են բողբոջները։ Երբևէ Երևանում չի եղել՝ առանց լրացման։ Ի դեպ, նորմալ մինչև 75 տոկոս կպչողականությունն է, իսկ 95-ի պարագայում լրացման միջոցառումներ չենք անելու, որովհետև խտությունը բավարար է»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի փորձագետը։

Երևանի բնապահպանական խնդիրները շատ են ու բազմազան։ Հիմնական լուծումը անտառային գոտիների ու կանաչ տարածքների ավելացումն է։ Սա հատկապես կարևոր է լանջային հատվածներում։

«Երբևէ չի եղել, որ մեկ-երկու տարվա ընթացքում 35 հա իրականում տնկված և կայացած զանգված լինի։ Եվ Ծիծեռնակաբերդը, և Եռաբլուրը յուրահատուկ աշխատանքներ են՝ նոր մշակված տոխնոլոգիաներով, նոր մոտեցումներով։ Կայացած անտառներ են, և մի 4-5 տարի հետո մեր համայնքին կհանձնենք քաղաքային անտառ։ Այ, հենց սա է պակասում քաղաքին կանաչապատման առումով»,-նշում է փորձագետը։

Այս տարի նախատեսվում է քաղաքային անտառներն ընդլայնել ևս 35 հա-ով։ Նոր անտառներ կհիմնվեն Նորքի բարձունքում և Ավանում։ Նախագծերը մշակվում են, առաջնահերթորեն տեղերում պետք է լուծվի ոռոգման համակարգի խնդիրը։ Ծառատունկը նախատեսվում է արդեն աշնանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

251