Հանդիպման առաջարկ չի եղել։ Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկի վերաբերյալ քննարկում եղել է:

 Նա նշեց, որ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական լեգիտիմ ճանապարհով, այսինքն՝ ընտրությունների միջոցով, իսկ հաջորդ ընտրությունները 2026 թվականին են։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը որևէ պարագայում չի պատրաստվում  այդ հարցը որևէ մեկի հետ քննարկել: Ես այդ թեմայով որևէ մեկի հետ խոսելու բան չունեմ»,- ասաց նա:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման հետ կապված հարցը,  նա նշեց, որ վարչապետի հետ հաճախ են լինում հանդիպումներ, բայց այդ հարցով քննարկում չի եղել։  Նա նշեց, որ ամեն հինգշաբթի լինում է ՔՊ նիստ:

«Երեք-չորս տարի, ամեն-ամեն գարնան  ջերմային ֆոնին ընդդիմությունը տարբեր դեմքերով կամ նույն դեմքերով տարբեր առաջնորդներով փորձում է պրոցեսներ գեներացնել երկրի ներսում, բայց դրանք անհաջողության են մատնվում, քանի որ քաղաքական բովանդակություն չունեն և այլընտրանք չեն առաջարկում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, պատգամավորն ասաց, որ եթե նույնիսկ Հայաստանում կան հակառուսական տրամադրություններ, ապա դրանք Հայաստանի կառավարության և կառավարական ուժի կողմից չեն գեներացվում, այլ դրանք գեներացվել են Ռուսաստանի գործողությունների հետևանքով:

 

481