Չեմ կարծում՝ քաղաքական գործընթացների առումով նորմալ է, որ ինչ-որ մարգինալ քաղաքական հատված խնդիրներ է ստեղծում ՀՀ իշխանությունների համար՝ պետական կարևոր տոները նշելու հետ կապված։ Araratnews-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, անդադառնալով Սարդարապատի հուշահամալիրում գիշերած Վազգեն Գալստանյանի և նրա գլխավորած ընդդիմադիրների գործողություններին, որով, ըստ էության, վերջիններս փորձում էին խոչընդոտել մայիսի 28-ին հուշահամալիրում  Հանրապետության տոնին նվիրված միջոցառումը՝ երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։

Հարցին՝ արդյոք սա հերթական անհանդուրժողականության դրսևորումը չէր, Ղևոնդյանը պատասխանեց․ «Բագրատ Գալստանյանի հայտարարությունները քաղաքական առումով արդեն էական նշանակություն չունեն, շատ շատերը լուրջ չեն վերաբերվում այդ մարդու հայտարարություններին, հատկապես այն բանից հետո, երբ նա հայտարարեց, թե  սառեցնում է իր հոգևոր ծառայությունը, հետո էլ պնդեց, թե միայն աշխատանքն է սառեցնում, դրանից հետո նրան լուրջ վերաբերվելը քաղաքական առումով իմաստ չունի»։

Խոսելով Գալստանյանի  հայտարարության մասին, որ արտահերթ ընտրության հարց չկա իրենց օրակարգում, քաղաքագետը ասաց․ «Դա ևս մեկ ապացույց է, որ լուրջ քննարկել այդ մարդու հայտարարությունները իմաստ չունի․ ՀՀ-ն այն պետությունը չէ, որտեղ կարող է ինչ-որ մեկը գալ ու պաշտոն ուզել։ Նա հավանաբար ունի ներքին պայմանավորվածություններ կամ անձնական շահեր, որ իրացնում է, քանի որ ինչ-որ մեկին ինչ-որ բան է խոստացել և գուցե այդ հարցում հաջողության է հասնում»։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է դա կապված է Ռուսաստանի որոշ շրջանակների հետ, քաղաքագետը պատասխանեց․ «Ռուսաստանը բազմաթիվ շերտեր ունի, այդ շերտերից որոշների հետ իհարկե կարող է կապ ունենալ․ այնուամենայնիվ կան շահեր, որտեղ գուցե գումարներ են պտտվում․ այս հայտարարություններն ու գործողութունները նեղ խմբային շահեր սպասարկելու համար են»։

Ղևոնդյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները չկարողացան խանգարել շարժման սկզբում հայտարարած նպատակին՝ սահմանազատման գործընթացին, որի ներքո  սկսվել էր իրենց քաղաքական ակցիան և Տավուշի նշված հատվածում, կարելի է ասել, ավարտին է հասել գործընթացը։

Պատասխանելով հարցին՝ Հայաստանը կկարողանա՞ խաղաղության պայմանագրում ներառել Ալմա-Աթայի հռչակագիրը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հնարավորություն իհարկե կա, բայց այնպես չէ, որ Հայաստանին անպայմանորեն անհրաժեշտ է խաղաղության պայմանագրում դա ներառել․ մենք տեսանք, որ սահմանի ինչ-որ հատվածում սահմանազատումը իրականացավ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ առանց պայմանագիր կնքելու և հնարավոր է այդպես շարունակվի, հետո նոր խաղաղության պայմանագիր կնքվի․ շատ ավելի կարևոր է, որ թեկուզ երկկողմ պայմանավորվածւթյունների արդյունքում Ալմա-Աթայի սկզբունքով  կարողանա սահմանազատում իրականացնել մյուս հատվածներում»։

 

 

740