Երկաթգծի մասով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ, մասնավորապես «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոռու մարզում մայիսի 25-ին տեղի ունեցած աղետի հետևանքով երկաթուղու վնասվելուն:
«Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր է ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, որը կարծում եմ շատ կարևոր է»,- ասաց նա:
Գնել Սանոսյանը նշեց, որ ինքը ևս խոսել է Մհեր Գրիգորյանի հետ և հետևյալ լուծումն են գտել: «Բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան, որի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել և երկար ժամանակ չի աշխատել, հիմա դա վերափոխում ենք, որով կարող են բեռնատարներ անցնել»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ներկայումս աղետի գոտում 250-300 կամավորներ են աշխատում: