

Տեղի ունեցածի արդյունքներով մենք պետք է նորից անդրադառնանք մեր ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին, առաջին հերթին ստանդարտներին և երկրորդը՝ որակի հարցին, որ հասկանանք մենք ընդհանրապես ճի՞շտ ենք սպասարկում ճանապարհներն ու կամուրջները: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած աղետին:
«Մի քանի այցերի ընթացքում մեկ-երկու մեր կողմից կամուրջ անվանվող շինություն ընկավ աչքովս, որը ըստ էության 2 մեծ խողովակ է, պայմանական ուղղահայաց և հորիզոնական ինչ-որ բաներ վրան շարված, որը անվանել կամուրջ շատ դժվար է ու պայմանական»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որ տեղեկանա, թե ինչ աշխատանքներ են արվում գործընկերների կողմից. «Կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան միջազգային գործընկերներ, որոնք աջակցելու պատրաստակամություն են հայտնել»,- ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը նշեց, որ կան միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են օգնել մոդուլյար կամրջաշինության հարցում:
Վարչապետը օրինակ բերեց Սանահինի կամուրջը, որը կառուցվել է 7-րդ դարում. «Ոչ մի բան չի եղել, որովհետև բարձր է կամուրջը, հիմքերը դրված են երկու մեծ ապառաժի վրա, և լայնք ունի։ Ջուրը ինչքան էլ բարձրանա, չի հասնի․ 4-5-րդ դարերում էլ են այնտեղ ջրհեղեղներ եղել, և այն ժամանակ մարդիկ էդ բաներից ավելի շատ են վախեցել, և իրենց հիշողությունը գուցե ավելին է, քան մեր ինստիտուցիոնալ հիշողությունը: Աշխարհում որ նայում ենք, կամուրջները, որոնք գետից չունեն հուսալի բարձրություն, կոր են, ուղիղ կամուրջ շատ քիչ կարելի է գտնել։ Իրենք միշտ ունեն Սանահինի կամրջի նման կորություններ․ տրամաբանությունն այն է, որ դրանով ջրի հնարավոր թողքերը ապահովվեն ու սպասարկվեն»։
Մանրամասները տեսանյութում