
Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա նախատեսված, նրանք մշակում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ինչ վերաբերում է երկաթուղու հետ կապված առաջադրանքներին, նախ երկաթուղին կա և գործում է, և մենք վարչապետի գլխավորությամբ առիթ ունեցել ենք գնացքով անցնելու այդ հատվածով, դա գործող երկաթգիծ է և այդտեղով գնացքներ են անցնում, խոսքը կայարանի կառուցման մասին է և գծի հետ կապված անհրաժեշտ աշխատանքներ անելու, որը տրանսպորտային նախագծի մաս է»,- ասաց նա և նշեց, որ դա առանձին աշխատանք է, հիմա բանակցում են իտալական տրանսպորտային ընկերության հետ նախագծի իրականացման շուրջ և առաջիկայում կսկսեն այդ աշխատանքները:
Անդրադառնալով Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի հետ կապված միջադեպին, որը պայմանավորված է եղել ժամի փոփոխությամբ, ժաննա Անդրեասյանն ասաց, որ փոխնախարարը հանգամանալից և մանրամասն ներկայացրել է իրավիճակը:
«Որևէ պրոցես քաղաքականացնելն անթույլատրելի է, կարծում եմ, որ պրոցեսի քաղաքականացումը բոլորովին այլ կողմից փորձ արվեց, և ամենաշատը ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրեցին քաղաքական գործիք, ինչը անթույլատրելի է»,- ասաց նա: