
2018 թվականին, երբ այցելել էի Կապան, բնակիչները ինձ խնդրել էին այնպես անել, որ ֆուտբոլը վերադառնա Կապան: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծին:
Վարչապետը պարզաբանեց, որ տարբեր հակասությունների պատճառով այնպես էր ստացվել, որ ֆուտբոլային խաղերն ընդհատվել էին: «Խոստման իրագործումը բարդ ընթացք ստացավ, քանի որ նույն հակասությունների կծիկը տեղափոխվեց քննարկումների դաշտ, մենք ստիպված էինք տարբեր գործընկերների, սուբյեկտների խնդրել, համոզել, հորդորել, որպեսզի որևէ լուծման գնալ»,- ասաց նա և նշեց, որ արդյունքում արդեն երկու ֆուտբոլային թիմ է ձևավորվել։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր խնդիրն է նաև մարզադաշտը միասնական միավոր դարձնել և նվազագույն ներդրումներ ապահովել, որ այնտեղ հնարավոր լինի բարձրագույն խմբի առաջնության խաղեր անցկացնել:
«2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունը լավ մոտիվացիա է, որ կենտրոնանան ու աշխատեն»,- ասաց նա։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ սա շատ կարևոր է, քանի որ համաշխարհային ֆուտբոլի ուշադրությունը սևեռվելու է ՀՀ-ի վրա և դա ՀՀ ֆուտբոլային կյանքի համար մեծ ձեռքբերում է: Նա կարևորեց որակյալ կազմակերպչական աշխատանքները և նկատեց, որ Ֆեդերացիան ինտենսիվ աշխատել է, պետական ապարատի հետ որոշակի դժվարություններ են առաջանում:
«Ցավոք, Ֆուտբոլի ֆեդերացիան միակ սուբյեկտը չէ, որ պետական ապարատի հետ դժվարություններ է ունենում»,-արձագանքեց վարչապետը: