Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Մասնավորապես, եթե որևէ ապրանք իր նկարագրով և/կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել՝ արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով այդպիսի՞ն է, թե՞ ոչ։ Եթե պարզվում է, որ տվյալ ապրանքը երկակի կամ ռազմական նշանակության է, ապա մաքսային գործառնություններն իրականացնելու համար պահանջվում են լիազոր մարմինների թույլտվությունները (Էկոնոմիկայի կամ Պաշտպանության նախարարություններ)։ Այս գործընթացում ճիշտ կողմնորոշվելու, այսինքն՝ պարզելու համար, թե այս կամ այն ապրանքը արդյոք երկակի կամ ռազմական նշանակությա՞ն է, թե՞ ոչ, մաքսային մարմինները հիմք են ընդունում հավատարմագրված մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները։ Սրան զուգահեռ կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող լինել երկակի կամ ռազմական նշանակության, սակայն մինչև վերջերս ենթարկվում էին փորձաքննության, որը, ի դեպ, անվճար չէ․ ռազմական նշանակության ապրանքների մասով այն արժե մոտ 12․000 ՀՀ դրամ, իսկ երկակի նշանակության ապրանքների համար՝ մոտ 60․000 ՀՀ  դրամ։ Այս փորձաքննությունները միջինում տևում են երկակի նշանակության ապրանքների մասով՝ 5 աշխատանքային օր, իսկ ռազմական նշանակության ապրանքների մասվ՝ 2-3 աշխատանքային օր։ Այսինքն՝ բազմաթիվ դեպքերում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցներն ստիպված էին ծախսել այդ գումարները և ժամանակը, թեև ապրանքներն իրենց բնութագրերով ակնհայտորեն չէին կարող որակվել որպես երկակի կամ ռազմական նշանակության։

Այս իրավիճակը կարգավորելու նպատակով ՊԵԿ կառուցվածքում ընթացիկ տարվա ապրիլի 11-ից ձևավորվել է հատուկ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն անվճար իրականացնում է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկերում ընդգրկված ապրանքների նախնական ուսումնասիրություն և դրա արդյունքում մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այդ ապրանքների միանշանակ երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսանալու կամ այդ հանգամանքը պարզելու համար փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ։

Այսպես, 2024 թվականի ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում տվյալ աշխատախմբին «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 1035 հայտ, 4341 ապրանքատեսակ, որոնցից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 900  հայտ, 3094 ապրանքատեսակ, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ, 1247 ապրանքատեսակ։

Փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն չի առաջացել՝ ռազմական նշանակության ապրանքների մասով՝  848 հայտ (900-ից),  2977 ապրանքատեսակի համար (3094-ից), երկակի նշանակության ապրանքների մասով՝  96 հայտ (135-ից), 1063 ապրանքատեսակների համար (1247-ից)։ Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։

Փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝  52 հայտ,  117 ապրանքատեսակ, երկակի նշանակության ապրանքների մասով՝  39 հայտ, 184 ապրանքատեսակ (փորձաքննության  ուղարկված ապրանքատեսակների քանակը մեծ է, քանի որ սկզբնական շրջանում ծրագիրը հնարավորություն չէր տալիս հայտում ներառված  ապրանքնատեսակներից որոշներն ուղարկել փորձաքննության, ուղարկվում էր ամբողջ հայտը՝ անկախ այն հանգամանքից, որ փորձագետի եզրակացություն անհրաժեշտ էր ընդհամենը մեկ կամ մի քանի ապրանքների մասով (օրինակ՝ մեկ հայտի մեջ եղել է 35 անվանում ապրանքատեսակ, որից փորձագիտական եզրակացություն  անհրաժեշտ է եղել ընդհամենը 5 ապրանքատեսակի համար, բայց ուղարկվել է ամբողջ հայտը), այդ խնդիրը կարգավորվել է սույն թվականի մայիսի 2-ից)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի՝ ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում տնտեսվարողները տնտեսել են նախ՝ ժամանակ (յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր) և ֆինանսական միջոցներ՝ 15.936.000 ՀՀ դրամ, որից 10.176.000 ՀՀ դրամ՝ ռազմական նշանակության ապրանքների մասով, և 5.760.000 ՀՀ դրամ՝ երկակի նշանակության ապրանքների մասով»,- ասված է հաղորդագրության մեջ։

163