
«Իմ քայլը» խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի հերթական նիստերին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
««Իմ քայլն» էլ կմասնակցի, կարծում եմ՝ կմասնակցեն մյուս խմբակցությունները: Մենք պետք է շարժվենք մեր երկրի այսօրվա էքստրեմալ օրակարգի շրջանակներում, ռազմական դրության շրջանակներում, որովհետև ունենք նաև ներքին և արտաքին անվտանգային պրոբլեմներ, և այդ բոլորը փոխկապակցված են իրար հետ»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով` մենք պետք է դուրս գանք այս վիճակից, որպեսզի պատրաստ լինենք մարտահրավերներին: «Հակառակորդը հաստատ փորձելու է գտնել տարբերակներ իր առավելությունը զարգացնելու: Հիմա մենք ունենք դադարի պահ: Հիմա էս դադարը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք»- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը, ապա նկատեց, որ պաշտպանության հանձնաժողովը ԶՈՒ-ի, ԱԳՆ-ի, անվտանգության բոլոր մարմինների հետ ունի թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ այդ համակարգերի վերահսկողության ավելի ակտիվ աշխատելու իրավունք: «Այնպես որ, կարծում եմ, մենք միասնական պետք է խնդիրները լուծենք: Մենք պետք է դասեր քաղենք անընդհատ, որովհետև բանակի զարգացումը մշտական պրոցես է, և այդ պրոցեսի մեջ մենք ունեցել ենք խզումներ: Եվ մենք պետք է ազնվորեն հաստատենք այդ խզումները»,- շեշտեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: