Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին օրերին Ֆրանսիայում հասարակական լարվածության ֆոնին, երբ ցույցերն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով և ավերածություններով՝ Հայաստանում քոչարյանադաշնակցական շրջանակները առիթը բաց չթողեցին՝ թափվող արյան մեջ իրենց ձեռքերը լվանալու։
Վերջիններիս հարող լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ՝ ֆրանսիական քաղաքներում կատարվող դեպքերը նույնացնելով Երևանում 2008-ի մարտիմեկյան դեպքերի հետ, շտապելով նշել, որ «հերոս» Քոչարյանն է փրկել մեզ։
Հրապարակումների հեղինակներն իրենց հին երգն են երգում՝ ժողովրդին մեղադրելով անկարգությունների և թալանի մեջ, այնինչ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով 2008-ին փողոցում էր եղել՝ տեսել է ինչպես են չգիտես որտեղից հայտնված առանձին խմբեր Երևանի կենտրոնում խանութների ցուցափեղկերը կամ տրանսպորտային միջոցները վնասել: Դրանք սադրիչներ էին՝ ներդրված քրեաօլիգարխիայի կողմից, ինչը պարարտ հող էր 10 անմեղ մարդու կյանք խլելու համար։
Ավելին՝ անկարգությունների և գողության մեղադրանքով դատապարտվածների թվում չկար որևէ ճանաչված ընդդիմադիր գործիչ, իսկ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանությունն ու բանակը, օդ կրակելով, փորձել են օղակի մեջ սեղմել և ցրել հանրահավաքը։
Փաստ է նաև, որ ձերբակալված ընդդիմադիրներից և ոչ մեկին ապօրինի հրազեն կրելու կամ կիրառելու մեղադրանք չի առաջադրվել՝ այն, ինչն իրավապահները «փնտրում էին» մարտի 1-ի վաղ առավոտյան։
Ի դեպ, քոչարյանական թևի գրչակներից մեկն այնքան հեռուն է գնացել, որ անգամ կարծիք է հայտնել, թե կգա մի օր, երբ Հայաստանում Մարտի 1-ը կնշվի որպես «Պետականության օր», իսկ Ռոբերտ Քոչարյանը կներկայացվի պետական բարձր պարգևի՝ երկրի պետականությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար։
Սա ոչ այլ ինչ է, քան այդ ողբերգական օրվա իրադարձությունները սրբագրելու և 10 անմեղ զոհերի հիշատակը պղծելու նենգ փորձ։ Սակայն ժողովուրդն արդեն մեկ անգամ չէ, որ կանխել է նման նկրտումները՝ ընտրությունների միջոցով թույլ չտալով այդ արյունալի անցյալի կրողներին կրկին զավթել իշխանությունը Հայաստանում։