Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Պետք է ոչ միայն ծառայողական քննություն արվի, այլև տվյալ տարածքը տոտալ տակնուվրա արվի, որպեսզի իրողությունը պարզ լինի»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին:
Թե որ կառույցն է թերացել, Քոչարյանը դժվարացել է միանգամից պատասխանել. նա նշել է, որ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու հարցն իր ուշադրության կենտրոնում է, առաջիկայում այդ հարցով մի շարք գերատեսչություններից պատասխաններ կստանա:
Անդրադառնալով ընդդիմության մտահոգություններին, որ հայկական կողմը հնարավոր է որպես «բարի կամքի դրսևորում» հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցուն հանձնի՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է շարժվել հարուցված քրեական գործի պահանջներով:
«Եթե պետք է հանձնել, դա նշանակում է, որ հանձնելը հենց այնպես չի լինում, այլ՝ ինչ-որ բանի դիմաց»,- նշել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։
Մուսաևը հոկտեմբերի 1-ին է հայտնաբերվել, ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին իր ծառայության վայրից բացակայել է, լքել զորամասը, և նրան գտնելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն: Այնուհետև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:
Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:
2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:
Դատախազությունից ի լրումն նախորդ հաղորդագրության՝ հավելել են, որ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին: