Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայում կրթական համակարգի խնդիրների շուրջ համազգային բողոքի ակցիաների պատճառով փակվել կամ բնականոն ռեժիմով աշխատել չեն կարողանում մինչև 40 բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այս մասին հայտնել է երկրի բարձրագույն կրթության հարցերով նախարար Ֆիլիպ Բապտիստը։
«Այսօր շուրջ 30-40 համալսարանական մասնաշենքեր արգելափակված կամ փակված են»,- ասել է նա՝ հավելելով, որ մտավախություն ունի, թե ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները կարող են տարածվել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Նախարարը նշել է, որ ի տարբերություն ավագ դպրոցի աշակերտների՝ համալսարանի ուսանողներն ունեն շատ ավելի կառուցվածքային և հստակ ձևակերպված պահանջներ, և ներկայումս երկխոսություն է ընթանում ուսանողական կազմակերպությունների հետ։ Նա նաև ընդգծել է, որ առայժմ համալսարաններում չեն գրանցվել այնպիսի անկարգություններ, ինչպիսիք տեղի են ունեցել ավագ դպրոցների մոտ անցկացված ցույցերի ժամանակ։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին Իլ-դը-Ֆրանս շրջանում և այժմ տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր իրավապահ մարմինները բերման են ենթարկել ավելի քան 5000 մարդու, որոնց 90%-ը անչափահասներ են եղել։