ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներն արդեն կարող են դիմել  բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Հունիսի 15-ից հայտերն ընդունվում են նոր գործարկված https://housing.socservice.am/ հարթակի միջոցով։ Հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ 

«Հայտ ներկայացնելու գործընթացը բավական դյուրին է, սկզբում որևէ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։ Ներկայացվում են բացառապես ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ընդ որում, դրանց մի մասը ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ընտանիքի կազմը որոշում են ընտանիքի անդամները։ Եվ հենց այդ կազմով էլ կգեներացվի հավաստագիրը»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը։ 

Հունիսի 15-ից դիմում են բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի ստանալու համար։ Հուլիսի 15-ից դիմում են անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր ստանալու համար։ Օգոստոսի 1-ից կարող են դիմել գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագիր ստանալու համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով։

Առաջին փուլում կարող են ընդգրկվել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,  2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը։

«Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։ Երրորդ փուլում կարող են ընդգրկվել մնացած բոլոր ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն եղել առաջին երկու փուլերում»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը։ 

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ ծրագրից օգտվել ցանկացողները կարող են հայտը ներկայացնել, նույնիսկ եթե իրենք դեռ ընտրած բնակարան կամ տուն չունեն։ Այս փուլում կարող են ստանալ հավաստագիրը, որն ուժի մեջ է լինելու մեկ տարի։ Այս փուլի դիմումներն ընդունվում են մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջ։ 

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում՝ կախված թե որ բնակավայրում է տունը ձեռք բերվում կամ կառուցվում։ Գայանե Ղարագյոզյանը խորհուրդ տվեց պոտենցիալ շահառուներին ծանոթանալ բնակավայրերի ցանկին։ Օրինակ՝ 5 մլն դրամի աջակցության համար սահմանված բնակավայրերի ցանկում են Գորիս, Բերդ քաղաքները, 4 մլն-ի դեպքում՝ Սիսիանը, Քաջարանը, Մեղրին և այլն։ Ցանկերը բավական ընդգրկուն են և հասանելի են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էջում։ 

Պետությունը ծրագրով գումարը տրամադրում է անհատույց։ Շահառուները որևէ լումա պարտավորված չեն լինելու վերադարձնելու։ Ծրագրի շահառու դառնալու համար ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր է։ 

166