Հունիսի 17-ին կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում:

2021թ.-ից ի վեր Է. Գևորգյանը հանդիսանում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակակիր: Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժիններից, որի առաջին բաժնի ընթացքում հնչեցին Բեթհովենի թիվ 17-րդ սոնատը, Դեբյուսիի Image ստեղծագործության 1-ին գիրքը, Վերդի-Լիստի «Ռիգոլետտո» օպերայի թեմաներով պարաֆրազը: Երկրորդ բաժինը ամբողջությամբ նվիրված էր Շոպենի ստեղծագործություններին, հնչեցին Նոկտյուռն, Մազուրկա, Վալս, Էտյուդ, իսկ համերգը եզրափակվեց Շոպենի թիվ 1 Բալլադով:

Շուրջ 2 ժամ տևողությամբ վիրտուոզ պատանի դաշնակահարի կատարումները դյութեցին բազմաթիվ հանդիսատեսին, որի ծափահարությունների և ծաղկեփնջերի տարափի ներքո Էդուարդը կատարեց Արամ Խաչատրյանի «Պոեմը»՝ որպես ԲԻՍ: Առանձնահատուկ հուզիչ էր լսել հայտնի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը նրա տուն-թանգարանի պատերի ներքո: Էդուարդ Գևորգյանը մեզ հետ զրույցում հուզված էր, ոգևորված, բայց միաժամանակ շատ երջանիկ: Խոստացավ շարունակել համերգային գործունեությունը և մոտ ապագայում հանդիսատեսին ներկայանալ նոր վայրերում, հնարավոր է նաև՝ նոր ձևաչափով: Հաջողություն մաղթենք մեր տաղանդավոր հայ պատանուն իր բոլոր նախաձեռնություններում:

814