Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր-ի 242-հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է՝ Opel Zafira-ն վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Կարեն Հարությունյանը, Toyota Land Cruiser-ը վարել է Երևաի բնակիչ, 29-ամյա Վարդան Հակոբյանը:


Վթարի հետևանքով 2 վարորդները և Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 36-ամյա Աննա Մանուկյանը, 49-ամյա Ալինա Իսկանդարյանը, ով նաև հաշվառված է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, 4-ամյա Դաիթ Մանուկյանը, 36-ամյա Քրիստինե Պողոսյանը մարմնական վնասվասծքներով տեղափովել են «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ, իսկ Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 60-ամյա Արկադյա Ադամյանը և 32-ամյա Սոնա Դավթյանը տեղում մահացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Դավթյանը աշխատում էր Araratnews.am լրատվական կայքում, իսկ Toyota–ի վարորդ Վ. Հակոբյանը «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տնօրեն է: Նրա հորեղբայրը հայտնի գործարար, երջանկահիշատակ Վլադ Հակոբյանն էր, ով ավելի շատ հայտնի էր «Կոմբիկերի Վլադ» մականվամբ:

2 վարորդները հիվանդանոցում անցել են սթափության փորձաքննութուն, պարզվել է, որ եղել են սթափ:

Մ. Մուրադյանի որոշմամբ նշանակվել են նաև դատաբժշկական և դիակների դատաբժշկական փորձաքննություններ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել էին Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Opel-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին ձորից դուրս էին բերել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Փրկարարները ձորից դուրս էին բերել մահացածներին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն էին կատարում Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

 

1504