Շուվալան գյուղում (քաղաքային տիպի բնակավայր Բաքվի Խազարի շրջանի վարչական ենթակայության տակ) սպանվել են երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ՝ փորձելով բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող զինված տղամարդուն։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը՝ համատեղ հայտարարության մեջ։

«Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին Բաքվի Խազարի շրջանի Շուվալան գյուղում։ Բազմիցս դատապարտված և ներկայումս հետախուզման մեջ գտնվող Ռովշան Ալլահվերդիևը զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, երբ նրանք փորձել են բերման ենթարկել նրան։ Դիմադրելիս Ալլահվերդիևը սպանել է երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի»,- ասվում է զեկույցում։

Իրավապահները նշում են, որ Ալլահվերդիևը փորձել է թաքնվել իր հետ գտնվող ընտանիքի անդամների հետևում, իսկ հետո, օգտվելով առիթից, Լանկաստերի կարաբինից կրակ է բացել ոստիկանների վրա։ «Ոստիկանության ձեռնարկած պատասխան միջոցառումների արդյունքում կրակողը սպանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

311