Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սպասում են արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։  

«Օրեր առաջ՝ հունիսի 20-ին, կայացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որով Հակակոռուպցիոն դատարանը վճռեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Վահագնի թաղամասում (միջին շուկայական արժեքը կազմում է 157 մլն դրամ), 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 10 մլն դրամի փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև մոտ 17 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և բարեխիղճ երրորդ անձին փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոց»,- ասաց Վարդապետյանը։ 

Գլխավոր դատախազը հայտնեց, որ ավարտվել է մեկ այլ հայցադիմումի քննություն: «Ակնկալում ենք, որ մոտ օրերս արդեն՝ որպես եղելություն, կկարողանանք խոսել երկրորդ դատական ակտի մասին»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 14 հայցադիմումներով ընթանում է բուն դատաքննություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

504