
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում, հնարավոր տարբերակներ են քննարկվում՝ քաղաքական համատեքստով պատրաստված մահափորձից մինչև անձնական մակարդակում եղած արկածախնդիր որոշում․ դա պետք է պարզեն ԱՄՆ այն ծառայությունները, որոնք քննում են գործը՝ Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Մեծ հաշվով, երբ դիտարկում ենք նախագահի ընտրության այս գործընթացը՝ միջազգային փորձագիտական գնահատականներում հնչում էր հետևյալ միտքը, որ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում հնարավոր է կասեցնել նրա ֆիզիկական չգոյությամբ․ ահա նման գնահատականների պայմաններում տեղի ունեցավ մահափորձը, որի դրդապատճառները, կրկնում եմ՝ կարող են պարզել հատուկ ծառայությունները։ Ի դեպ՝ հատկանշական է, որ այս մահափորձի առաջին իսկ րոպեներին, թե Թրամփը, թե նրա դուստը՝ Իվանկա Թրամփը, առանձին հայտարարություններ են արել և շնորհակալություն են հայտնել հատուկ ծառայություններին շատ արագ գործելու համար»։
Բադալյանի խոսքով՝ անկասկած է, որ ընտրություններում Թրամփի հաղթանակի շանսերն ավելի մեծացան, կամ ինչպես ընդունված է ասել՝ այն, ինչը չի սպանել Թրամփին, անկասկած ուժեղացրել է նրան։
Հարցին՝ արդյո՞ք տեղին են մտահոգությունները, որ Թրամփի ընտրվելու դեպքում նրա վարչակազմը ուկրաինական հակամարտության կամ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցում ջանքեր չի գործադրի, Բադալյանը պատասխանեց․ «Մենք ԱՄՆ-ի ռազմավարությունը և քաղաքականությունը աշխարհաքաղաքական և գլոբալ հարցերում չափում ենք «Թրամփ, թե՞ Բայդեն» սկզբունքով․ գուցե հնչի կոնսպիրոլոգիական, բայց ես կարծում եմ՝ շեշտադրումը արժե փոխել՝ ինչպիսին լինի ԱՄՆ ռազմավարական առաջնահերթությունը և խնդիրը, այնպիսին էլ կլինի Միացյալ Նահանգների նախագահի ընտրության արդյունքը․ ԱՄՆ-ի՝ թիվ մեկ գերտերության կարգավիճակը ձևավորվել է հենց նրա շնորհիվ, որ այդ երկրում շատ ավելի խորքային ազդեցություն ու կենսունակություն ունեն պետական ինստիտուտները, ընդ որում՝ թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ մակարդակում։ Եվ այդ երկրի ինստիտուցիոնալ խորքն է որոշում ամերիկյան քաղաքականությունը և ոչ թե այս կամ այն ընտրված նախագահը, որոնք կարող են որոշել տակտիկական լուծումներ, ինչը իհարկե համեստ երկրների համար կարող է ունենալ ռազմավարական նշանակություն և ըստ այդմ, ես կարծում եմ՝ եթե Նահանգները այդ ռազմավարական առաջնահերթության առումով համարում է, որ, օրինակ, Ուկրաինայում արժե գնալ իրավիճակի սառեցման, ապա այդտեղ պետք է գործիք՝ ինչպես անել դա և դա անելու տարբերակ է, որ իշխանության գա Թրամփը»։
Քաղաքագետը անդրադարձավ նաև վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների Հայաստան կատարած այցերին, նշելով, որ դա կապված է հայ-ադրբեջանական պրոցեսի հետ․ «ԱՄՆ-ն փորձում է Երևանին համոզել ընդունել այնպիսի պայմաններ, որոնք կբավարարեն նաև Բաքվին և հնարավոր կլինի ինչ-որ բան ստորագրել մինչև նոյեմբեր, որի գլխավոր խնդիրը ԱՄՆ-ի համար առևտրային միջանցքն է՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղով, հակադրելով դա Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին։ Այդ ակտիվությունը ես պայմանավորում եմ դրանով՝ Երևանին խրախուսել կայացնել խիզախ որոշումներ, որի մասին Ջեյմս Օ՚բրայենը հայտարարել էր Բաքվում։ Տեսնում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ չկան, բայց ոչ թե որ Բաքվին ավելի շատ են սիրում, համակրում, այլ պարզապես շահերի դասավորությունն այնպիսին է, որ փորձում են Երևանին համոզել՝ կարկանդակներ խոստանալով և հնարավոր դարձնել շրջանակային համաձայնագիրը»։
Բադալյանի խոսքով՝ պաշտոնական Երևանը պատկերացնում է ինչի մասին է խոսքը և առավել լավ գիտի՝ խոստումներն ու գործնական պատրաստակամությունը ինչպիսի հարաբերակցության մեջ են․ «Եվ այդ տեսանկյունից եթե, օրինակ, մինչև նոյեմբեր ստորագրվում է այդպիսի մի համաձայնագիր և նոյեմբերից հետո պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Թրամփը, որն արդեն տակտիկական այլ պատկերացումներ ունի Կովկասի հարցում, այդ ժամանակ նրա վարչակազմը շատ հանգիստ երկրորդ պլան է մղում Երևանի հետ խոսած պայմանավորվածությունները և հեռանկարները՝ ի՞նչ ենք անում մենք այդ դեպքում․ ստացվում է, որ մենք ստորագրել ենք, բայց նրանք, ովքեր խոստացել են այդ կարկանդակները, այլևս չկան»։
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը առաջ է քաշել միտք, որ հիմնարար սկզբունքների շուրջ նախաստորագրվի փաստաթուղթ, իսկ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը քանի որ երկար աշխատանք է՝ մնա հետո․ «Բայց դու կարող ես սկզբունքների աումով էլ ենթարկվել պայմանների, որոնք հետո քեզ համար բարդացնելու են դիվանագիտական մանևրի հնարավորությունը, եթե աշխարհում բան փոխվեց․ հիմա Երևանը, իմ գնահատմամբ, փորձում է այստեղ ժամանակ շահել, մի կողմից ցույց տալ, որ ինքը պատրաստ է խաղաղության, մյուս կողմից՝ իր հնարավորությունների սահմաններում դիմադրել այդ պայմանները թելադրելուն՝ տեսնելու համար, թե ի վերջո ինչ է փոխվում աշխարհում»։
Գեղամ Ադյան