ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո, 2017 թվականից իրականացնում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգասպառումը՝ նպաստելով դրա արդյունքում ՋԳ արտանետումների կրճատմանը (ներդրումների շուրջ 20 տարվա կյանքի ընթացքում` 1.4 մլն տ CO2), «կանաչ» աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանը:

Մինչ այժմ ծրագրով համաֆինանսավորվել է. 15 համայնքներում 152 բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացումը, 5 համայնքներում 52 հասարակական շենքի էներգաարդյունավետ (ԷԱ) արդիականացումը։ Ընթացքի մեջ են ավելի քան 40 բնակելի և հասարակական շենքերի ԷԱ արդիականացման աշխատանքները: 2020-2023թթ․ ընթացքում Ծրագրի կողմից ուսումնասիրվել են պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայացված ավելի քան 100 ֆինանսավորման հայտեր, որի արդյունքում 18 համայնքի տրամադրվել է տեխնիկական օժանդակություն և համաֆինանսավորում 200-ից ավելի շենքերի ջերմաարդիականացման համար:

Ծրագրի շրջանակներում լրագրողների համար կազմակերպվել էր շրջայց Լոռու և Տավուշի մարզեր՝ ծանոթանալու էներգաարդյունավետ արդիականացման ծրագրին, որին մասնակցեց նաև Araratnews-ը։

Սպիտակ համայնքում 2019-2020 թվականներին 3 շենքերի արտաքին պատերը, տանիքները և նկուղները ջերմամեկուսացվել են․ փոխարինվել են նաև աստիճանավանդակների դռներն ու պատուհանները։ Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը նշեց, որ ծրագիրը երկարացվել է մինչև 2026 թվականի հուլիս, իսկ դրա շահառու կարող է դառնալ ցանկացած բնակելի կամ հասարակական շենք և տարածքային առումով չկա սահմանափակում․ «Սա կոնկրետ իրականացված է պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում․ այսինքն՝ երեք ֆինանսավորման աղբյուր ունի՝ համայնքային բյուջե, պետական բյուջե և ծրագրի գրանտային ռեսուրսները»,- ասաց նա։  Փորձագետը նշեց, որ ծրագիրն իրականացվում է, երբ շենքերի բնակիչների 50 տոկոսից ավելին համաձայնություն է տալիս, բայց շենքերը չպետք է լինեն բարձր կարգի վթարային և վերջին երկու տարվա սուբվենցիոն ծրագրի փոփոխությամբ՝ բնակիչները պարտավորվում են 5 տոկոս ֆինանսական մասնակցություն ունենալ ծրագրի իրականացմանը։

Araratnews-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Ջալալյանն ասաց, որ Կառավարության հետ համագործակցությունը դրական է գնահատում․ «Եվ վարչապետի, և փոխվարչապետի մակարդակով այս ծրագրից լավ տեղեկացված են, քանի որ համակարգում են սուբվենցիոն ու դպրոցաշինության ծրագրերը»։ Նա ընդգծեց, որ ծրագրի շնորհիվ բարելավվում է մարդկանց սոցիալական դրությունը՝ բարձրացվում է ջերմային հարմարավերտությունը, նվազում են կոմունալ ծախսերը․ «Նույնիսկ եթե չհասնենք ջեռուցման սեզոնի խնայողությանը՝ շենքը այսպես նորոգելուց հետո բնակարանների շուկայական արժեքը բարձրանում է 10-15 տոկոսով»։

Էներգետիկայի և Էներգաարդյունավետության փորձագետ Անդրե Օհանյանը մանրամասներ ներկայացնելով իրականացվող շինարարական աշխատանքներից, ասաց, որ պատերը ջերմամեկուսացվել են 10 սմ հաստությամբ էքստրուդացված պոլիստիրոլով․ «Ընդհանուր արտաքին պատերի մակերեսին սոսնձվում են սալիկները, հետո խցաբութակներով, պլաստմասսե ձյուբեններով ձգվում են պատերին, դրա վրայից արդեն տեղադրվում է սոսնձասվաղային շերտը, որի մեջ տեղադրվում է ներկառուցված թելքային ապակե ցանց և արդեն հարդարման շերտերն են։ Տանիքում տեղադրվում են հանքային բամբակե ներքնակներ, գոլորշամեկուսիչ և ջրամեկուսիչ շերտ։ Մենք նկուղի ծածկը նույնպես ջերմամեկուսացրել ենք 100մմ պոլիստիրոլային հիմքով նյութով»։



Նա հավելեց, որ ընդհանուր մուտքերի պատուհաններն են փոխվել, շքամուտքերը և աստիճանահարթակները նույնպես ջերմամեկուսավցվել են։ Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանն ասաց, որ ծրագիրը արդյունավետ էր և գովելի․ «Շատ անհրաժեշտ է մեր համայնքի համար, քանի որ երկրաշարժից հետո կառուցված շենքեր են հիմնականում ու կարիք ունենք ջերմաարդիականացման»,- ասաց նա, նշելով, որ 3 շենք է մասնակցել, բայց 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի համար ներկայացվել է 17 բազմաբնակարան շենքերի տանիքների ջերմամեկուսացման ծրագիր և հետագայում կփորձեն արտաքին պատերի ջերմամեկուսացում իրականացնել։

Արդեն Ստեփանավանում համայնքի ղեկավարի օգնական Լևոն Քալանթարյանը ասաց, որ Ռումինական թաղամասում ծրագրով 9 շենք ջերմաարդիականացվել է և այս տարի ևս 5-ը կընդգրկվի ու թաղամասի բոլոր շենքերը կլինեն էներգաարդյունավետ՝ հաշվի առնելով, որ դրանց պատերի հաստությունը չի համապատասխանում նորմատիվներին ու ջերմամեկուսացումից հետո մեծ էֆեկտ է լինում ու ժողովուրդը շատ գոհ է։ Բնակիչներից Նարինեն մեզ հետ զրույցում հաստատեց՝ շատ գոհ են և գազի ամսական վճարը գրեթե կիսով չափ կրճատվել է․ «Շատ առավելություններ կան, տունը տաք է լինում, եթե համեմատենք մեր բարեկամների շենքերի հետ, որ բողոքում են»։


Դիլիջան համայնքը նույնպես ծրագրից օգտված բնակավայրերից է՝ 11 շենք արդեն օգտվել է դրանից, որի բյուջեն կազմել է 690 միլիոն դրամ, որի 25 տոկոսը ՄԱԿ-ի համաֆինանսավորմամբ է, 35-ը՝ համայնքի և 40 տոկոսը՝ ՀՀ կառավարության։ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակից Վարդան Մկրտչյանն ասաց, որ բազմաթիվ են շենքերը, որոնց բնակչությունը ցանկանում է օգտվել ծրագրից, բայց առաջնահերթություն տրվելու է, օրինակ, Գետափնյա փողոցի որոշ շենքերի, որովհետև կառուցվել են 70-90 ական թվականներին։

Լրագրողական շրջայցին ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, որն անդրադառնալով ծրագրի իրականացմանը և շարունակականությանը, ասաց․ «Այս ծրագրի հաջողություններից մեկն այն է, որ էներգաարդյունավետության մշակույթը երկրում զարգանում է․ Եվ բնակիչները, և Կառավարությունը, և համայնքը հասկանում են, որ այս էներգաարդյունավետության միջոցները դրական են ազդում շրջակա միջավայրի ու մադրկանց կյանքի վրա»։

Նրա խոսքով՝ ծրագիրը հաջողության է հասել և երկիրը այդ առումով շարժվում է ճիշտ ուղղությամբ․ «Մենք ցանկանում ենք տեսնել այս ծրագրի շարունակությունը, բայց շատ բան կախված է ֆինանսավորումից, այս պահին Կլիմայի կանաչ հիմնադրամն է ֆինանսավորում․ այս ծրագրին երկու տարի է մնացել, որ ավարտվի և այս պահին վաղ է խոսել՝ արդյոք այն կշարունակվի, թե ոչ»։ Նացվլիշվիլին նշեց, որ Եվրամիությունը և Ասիական զարգացման բանկը նույնպես Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր են իրականացնում և ՄԱԶԾ-ն համագործակցում է նրանց հետ․

«Երբ նվազեցնում ես սպառված էներգիայի քանակը, որն անհրաժեշտ է շենքերը ջեռուցելու համար՝ դա նվազեցնում է էներգետիկ կախվածությունը։ Իհարկե այլ միջոցներ էլ պետք է ձեռնարկվեն էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար, դրանք են՝ վերականգնվող էներգետիկայի արտադրությունը, օրինակ՝ արևային էներգիան, հողմային էներգիան և այլն։ Այս պահին վերականգնվող էներգետիկայի բաժնեմասը Հայաստանում բավականին փոքր է և Հայաստանի պլանները այդ ուղղությամբ, հուսով եմ, կիրականացվեն»։ Վերջինիս խոսքով՝ քաղաքացիները նույնպես շատ մեծ ազդեցություն ունեն կլիմայի փոփոխության վրա և պետք է զգան պատասխանատվություն էներգիայի, ջրի խնայման և աղբի կառավարման համար․ «Շատ կարևոր է աղբի տեսակավորումը, կամ որ մարդիկ օգտվեն հանրային տրանսպորտից, այլ ոչ թե բոլորը սեփական մեքենա ունենան»։

Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող Արմեն Աջամօղլյանը նշեց, որ ծրագիրը համակարգվում է ՇՄ նախարարության կողմից և 2021-ից բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակն է միացել դրան և նրանք իրականացնում են առաջին բաղադրիչը, որով նախատեսված է էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի տեղայնացումը, որը շուտով պատրաստ կլինի և կտա պատասխան, թե շենքերը էներգաարդյունավետության առումով ինչ պոտենցիալ ունեն․ 

«Ծրագրի շրջանակներում ներդրվում է էներգետիկ կառավարչի ինստիտուտը պետական համակարգում և Երևանում արդեն ընդգրկվել է, որպեսզի հասարակական շենքերը համայնքը վերահսկի։ Ու նաև իրազեկման աշխատանքներ ենք մենք իրականացնում, որովհետև էներգաարդյունավետության խնդիրներին բոլորս ենք առնչվում»,- հավալեց նա։

Հավելենք, որ թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաև տարբեր բնակավայրերի բնակիչների հետ և մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում ու տեղադրված լուսանկարներում։

 

Գեղամ Ադյան

1243