Araratnews-ը տարածաշրջանային վերջին քաղաքական զարգացումների շուրջ զրուցել է ՔԺԿ փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։
-Պարոն Սուքիասյան, Իրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նորընտիր նախագահի հանդիպումը․ Կառավարության տարածած հաղորդագրությունը մեծ հաշվով կարծես թե չի տարբերվում նախկինում Իրանի կողմից տարածաշրջանի վերաբերյալ արված հայտարարություններից։ Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է։
-Նախ այն ողբերգական տեսակետները, որ Իրանում ռազմավարական տեղաշարժեր կարող են լինել՝ կեղծ են ու չհիմնավորված։ Իրանի ռազմավարական շահերից է բխում այն դիրքորոշումը, որը Իրանի նախկին իշխանություններն արտահայտել են, այն է, որ եղած պարիտետը այլևս լինելու է անխախտ, որովհետև դա Իրանի համար ստրատեգիական նշանակություն ունի։ Հայաստանում ինչ-որ գուժարարներ կան, որ քանի ամիս է իրար հերթ չտալով գուժում են պատերազմի վտանգ, որը չկա, և Իրանի այսօրվա դիրքորոշումը եւս ապացույցն է այն բանի, որ նույնիսկ ԱՄՆ-ում աշխարհի համար ողբերգական հնարավոր արդյունքներից հետո՝ ենթադրենք Թրամփն է ընտրվում, այնուամենայնիվ տարածաշրջանում պատերազմի հավանականություն գրեթե չկա։
-Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, բայց Փեզեշքիանը, ինչպես նախկին նախագահը, որեւէ կերպ չի անդրադարձել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը ու չի ողջունել այն։
-Պարզ է, որ Իրանի մի դիրքորոշումը՝ ուղղված տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությանը՝ չի նշանակում, որ Իրանը պիտի մյուս հարցերում անպայմանորեն համակարծիք լինի մեզ հետ։ Եթե Հայաստանի կոմունիկացիաները բացվում են՝ Իրանը առանձին դեպքերում մենաշնորհային դիրքից զրկվում է, հետևապես պարզ է, որ շահագրգռված չէ, որ դրանք աշխատեն, որպեսզի Ադրբեջանը Իրանից կախված մնա։ Այսինքն պարզ է՝ սա Իրանի շահերից հատուկ չի բխում, բայց եթե մենք շարունակենք համառորեն առաջ մղել այդ ծրագիրը, որն աշխարհում ունի համակիր պետություններ՝ Հնդկաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, ու եթե այս պետությունների հետ շարունակենք աշխատել՝ Իրանը կհամակերպվի և կընդունի դա։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ամեն դեպքում պետությունները շահագրգռված չեն, որ իրենց հարևան երկրները զարգանան․ սա աքսիոմա է և ով չի հավատում՝ պետք է կարդա Գումպլովիչի «Պետության ծագման բնական օրենքները», ըստ որի՝ հարևան երկրները շահագրգռված չեն, որ դու զարգանաս, որպեսզի իրենից կախված լինես։
-Երեկ Մակրոնը Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում հույս էր հայտնել, որ նրա նախագահության օրոք Ֆրանսիայի, եվրոպական մյուս երկրների և Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան: Ըստ Ձեզ, նման հնարավորություն կստեղծվի՞ ու դա ի՞նչ կտա Հայաստանին։
-Իրականում Իրանի նախկին իշխանություններն էլ ոչ մեծ քայլերով, բայց դեպի Եվրոպա բացվելու քաղաքականություն վարում էին։ Այսօր Արևմուտքի դիրքորոշումը Իրանի հետ բանակցություններում ներկայացնում է Ֆրանսիան, որի հետ Թեհրանը խնդիրներ մեծ հաշվով չունի՝ գուցե նաև որոշակի հարազատություն կա այդ հարաբերություններում, որովհետև, ինչպես հայտնի է, ԻԻՀ կրոնական հեղափոխության առաջնորդը Ֆրանսիայից է եկել։ Դրա համար ես ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն կամ այլ պետությունները շատ առաջին պլան չեն գալիս և բանակցում են Ֆրանսիայի միջոցով, որը Իրանի համար ընդունելի է։ Աշխարհի խնդիրը Իրանի հետ տակտիկական է՝ կրոկանան, այլ ոչ թե Իրանը որպես պետություն, և մենք էլ պետք է Արևմուտքին ներգրավենք մեր տարածաշրջանում, որպեսզի մեր միջոցով Իրանը կարողանա Եվրոպայի հետ աշխատել։ Մենք և աշխարհագրորեն ենք խաչմերուկ, և քաղաքակրթորեն ենք խաչմերուկ։ Օրինակ՝ Բրյուսովն ասում էր՝ Հայաստանը Եվրոպայի ավանգարդն է Ասիայում․ հայկական մշակույթը արևելյան և արևմտյան մշակույթների սինթեզն է, որը ունի պոտենցիալ երկխոսություն կազմակարպելու երկու մշակույթների միջև։ Եվ երբ ասվում է խաչմերուկ՝ կարող է նաև մշակույթների երկխոսության խաչմերուկ դառնալ։ Մեր բոլոր ծրագրերը՝ Խաղաղության խաչմերուկը ու պայմանագիրը, թիրախավորված է Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից, բայց ինչպես արդեն նշեցի՝ աշխարհի առաջատար երկրներն աջակցում են այս ծրագրերին։ Մենք Իրանի հետ պետք է լավ աշխատենք և ես կարծում եմ, որ ինչ-որ մի պահի գուցե հակված լինեն մեր միջոցով աշխատել Արևմուտքի հետ։
Սուքիասյանն անդրադարձավ նաև Ղարաբաղի նման Իսրայել մտնելու Էրդողանի հայտարարությանը, նշելով․ «Ես կարծում եմ՝ Թուրքիան Ադրբեջանին պոկում է Ռուսաստանից և վստահ եմ, որ այստեղ Արևմուտքի ճնշումը կա։ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ոճրային գործարք ունի և ինքն էլ չի կարողանում պոկվի, ու Թուրքիան Արևմուտքից տնտեսապես շատ-շատ է կախված ու հետևապես, ես կարծում եմ, Արևմուտքից Թուրքիայի վրա պայման կա՝ Ադրբեջանին պոկել Ռուսաստանից։ Եվ Էրդողանը, երբ ասում է մտել է Ղարաբաղ, պարզ է, որ իրենք չեն արել, Ռուսաստանն է արել, բայց այդ հայտարարությամբ էրդողանը Ալիևին դարձրեց զրո, որ դու ոչինչ ես, ինքնուրույն ոչինչ անել չէիր կարող, և սա այն է, որ բազմիցս ասել ենք ՝ Ադրբեջանը մենակ չէ։ Երբ Հայաստանում մարդիկ պետությանը հրում են Ադրբեջանի դեմ, պիտի հասկանան, որ Ադրբեջանը մենակ չէ՝ կա Թուրքիա և Ռուսաստան։ Նախ Էրդողանը Ռուսաստանին «ֆուկ արեց», Ալիևին սարքեց զրո, այսինքն՝ առանց ինձ դու ոչ մի բան ես, բայց կա նաև ռազմավարական հարց՝ Ադրբեջանին պոկել Ռուսաստանից և սա Արևմուտքի ճնշմամբ։ Եվ այս առումով տարածաշրջանում բավականին դրական իմպուլսներ կան մեզ համար և պետք է լավ աշխատենք։
Գեղամ Ադյան