Միլիարդատեր Իլոն Մասկն ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ մենամարտելու առաջարկը, որն արվել է այն բանից հետո, երբ SpaceX, Tesla, X ընկերությունների սեփականատերը կասկածի տակ է դրել ընտրություններում Մադուրոյի հաղթանակը և նրան բռնապետ է անվանել:
Ինչպես նշում է Forbes-ը, այս զարգացումներից հետո Մադուրոն Վենեսուելայի ազգային հեռուստատեսության եթերում ասել է. «Ցանկանո՞ւմ ես մենամարտել: Արի՛ անենք դա։ Իլոն Մա՛սկ, ես պատրաստ եմ, քեզանից չեմ վախենում, արի՛ մենամարտենք որտեղ ուզում ես»։
Մասկը X-ում արձագանքել է. «Ես ընդունում եմ: Եթե հաղթեմ, նա հրաժարական կտա Վենեսուելայի բռնապետի պաշտոնից: Եթե նա հաղթի, ես նրան անվճար ուղևորություն կտամ դեպի Մարս»:
Մադուրոն առայժմ չի պատասխանել:
Նշենք, որ Վենեսուելայում կայացել են նախագահական ընտրություններ, որոնցում, պաշտոնական տվյալների համաձայն, հաղթել է երկիրը 2013-ից ի վեր ղեկավարող Նիկոլաս Մադուրոն: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ իրականում հաղթել է իր թեկնածուն: Վենեսուելայում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո զանգվածային բողոքի ակցիաներ և բախումներ են տեղի ունենում իրավապահների հետ: