Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է շինարարի օրը: ՀՀ  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տոնին ընդառաջ շնորհավորել է շինարարներին և շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար: Այս տարի Շինարարի օրը կնշվի օգոստոսի 11-ին։ 

 

Օրվան ընդառաջ Երևանում կայացավ հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլոք։ 

 

«Շինարարական գործունեության զարգացման ուղղությամբ կառավարության քաղաքականությունը բազմաչափ է, և ունի մի քանի նպատակներ: Առաջինը՝ մեր քաղաքացիների համար անվտանգության երաշխիքների ավելացումն է, մենք պետք է վստահ լինենք, որ զարգացող տեխնոլոգիաների պատշաճ կիրառությունը ավելացնում է ինչպես բնական երևույթների, այնպես էլ կառուցման հետ կապված հնարավոր ռիսկերից պաշտպանվածության աստիճանը։ Հաջորդը որակի և հարմարավետության հարցն է. սա այն ռիսկն է, որն առաջանում է դրված նպատակներին հնարավորինս արագ հասնելու պատճառով, որակյալ կառույցները օր առաջ մեր հասարակության համար հասանելի դարձնելու նպատակը շատ կարևոր հարց է, սակայն դա չպետք է տեղի ունենա աշխատանքի որակի հաշվին: Ժամանակը և արագությունը հաջորդ կարևոր հարցերն են»,- ասաց փոխվարչապետը:

Խաչատրյանի խոսքով՝ շատ կարևոր է հետևել աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և ձգտել դրանց կիրառությամբ  նվազեցնել շինարարության ծախսերը և բարձրացնել կատարվող աշխատանքների շահութաբերությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորեց  և շնորհակալություն  հայտնեց շինարարներին՝ նշելով, որ շինարարության ոլորտը շարունակում է լինել տնտեսությունն առաջնորդող կարևորագույն ճյուղերից մեկը։ 

371