Ինչպես հայտնել էինք՝ Միքայել Մինասյանը հանցախմբի անդամների հետ կազմակերպել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի կողմից «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատից շուրջ 18 միլիարդ դրամի հափշտակությունը։

«Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի անվամբ գրանցված «Լեռեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ իրական արժեքից, այսինքն՝ 150 միլիոն դրամից շուրջ 150 անգամ ավել արժեքով՝ շուրջ 18 միլիարդ դրամով»․ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը։

18 միլիարդ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն շրջանառվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առնչվող ընկերության հաշվեհամարներով, ապա փոխանցվել Մինասյանի օֆշորային կազմակերպության հաշվեհամարին։ Վերջնարդյունքում նշված գումարներից 15 միլիոն դոլարին համարժեք դրամը փոխանցվել է ՀՀ-ում գործունեություն ծավալող «Սպայկա» ընկերությանը, ինչի արդյունքում Միքայել Մինասյանը դարձել է «Սպայկա» ընկերության 48 տոկոսի բաժնետեր։

Դատախազը պնդում է՝ Մինասյանը տիրացել է նաև «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ» 25 տոկոսին, ինչը թաքցնելու նպատակով, գումարները փոխանցվել են Կարեն Վանեցյանի անվամբ, ով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրն է՝ , իսկ 12,5 բաժնեմասը՝ այլ անձանց անվամբ։

Նշվում է, որ Միքայել Մինասյանը, որը 2009-2012 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, ապա՝ Վատիկանում Հայաստանի դեսպանը, օգտագործելով իր դիրքը՝ ձեռք է բերել փայաբաժիններ Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններում։ «Դրա արդյունքում, արդեն իսկ ունենալով հսկայածավալ ֆինանսական միջոցներ, նշված միջոցներն օգտագործել է Հայաստանի տարածքից դուրս գործունեություն իրականացնող կազմակերպությունների ձեռքբերմանը, իսկ դրանց մի մասով ձեռք է բերել խոշոր ընկերություններում մասնաբաժիններ Հայաստանում»,- մանրամասնել է Սամվել Հակոբյանը։

Հանցագործությունների կատարման հետևանքով ընդհանուր առմամբ պետությանը պատճառվել է շուրջ 350 միլիոն դոլարի չափով վնաս։

 

1405