Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը Արցախի Հանրապետության ժողովուրդի և իշխանությունների անունից ողջունել է ավստրալիացի ականավոր գործիչների անդամակցումը շարունակաբար ընդլայնվող Արցախի բարեկամների շրջանակին՝ երախտագիտություն հայտնելով նրանց՝ իր պատմական հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի ձգտումներին սատարելու համար։

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման մասին հայտարարվել է 2019 թ. օգոստոսի 1-ին՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որի կազմում էր նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Բարեկամության շրջանակը ձևավորվել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործուն աջակցությամբ։

Ներկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի Դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մշակույթի, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

663