Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բոսնիա և Հերցեգովինա կատարած միջկառավարական փորձի փոխանակման այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը և սոցիալական ծառայություններում մասնագիտացած հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ հանդիպել են Բոսնիա և Հերցեգովինայի Մարդու իրավունքների և փախստականների նախարար պարոն Սևլիդ Հուրթիչին և պետական ու համայնքային տարբեր մարմինների ղեկավարների, անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում նախարար Հուրթիչը նշել է, որ պատրաստակամ են իրենց ողջ դրական փորձառությունը կիսել Հայաստանի հետ այնպես, որ Հայաստանի սոցիալական բնակարանների ապահովման ինքնաբավ մոդելների ընտրության սկզբնակետն ավելի առաջավոր կետից սկսվի և ոչ զրոյական։ Բոսնիա և Հերցեգովինայի պաշտոնյաները ներկայացրել են «Կաթոլիկ օգնության ծառայություններ» (ԿՕԾ) մարդասիրական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում բնակարանաշինության և դրանց կառավարման ինքնաբավության տանող գործիքները, որի շնորհիվ տեղահանված անձանց, փախստականների և սոցիալ-տնտեսական այլ խոցելի խմբերի համար հնարավոր է դառնում անօթևանության հաղթահարման կայուն լուծումներ ստանալ։
ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց համար նախատեսված բնակարանային ապահովման ՀՀ պետական աջակցության ծրագրի մասին, նշել, որ հետաքրքրված են նաև այս մոդելի ուսումնասիրությամբ և Հայաստանում դրա հնարավոր կիրառությամբ՝ հաշվի առնելով բռնի տեղահանվածների շրջանում խոցելի և փոքր կազմով ընտանիքների կարիքները։ ԲևՀ–ում և բալկանյան երկրներում ԿՕԾ–ի տեղական ղեկավար տիկին Սանելա Իմամովիչը նշել է, որ ոգեշնչված են իրենց 15 տարվա անցած ուղին, մարտահրավերները և քաղված դասերը ներկայացնել Հայաստանին՝ հուսալով, որ դա օգտակար կլինի Հայաստանի բնակիչների համար։
Այցը կազմակերպվել էր ԿՕԾ մարդասիրական կազմակերպության կողմից, որը ԲևՀ–ում սկսել է իր առաջին պիլոտային ծրագիրը դեռևս 2007 թվականին և աջակցել է ԲևՀ պետական ինստիտուտներին և համայնքներին օրենսդրության մշակման և մոդելի ներդրման հարցում։ Այսօր ամբողջ երկրով մեկ շուրջ 10000 բնակիչ հանդիսանում է ոչ առևտրային սոցիալական բնակարանների մոդելով տրամադրվող ծառայության շահառու։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ԲևՀ–ում սոցիալական բնակարանների մասին երկրի օրենսդրությանը՝ ընթացակարգերին, դիմելու չափանիշներին, շահառուների շրջանակին, իրականացման մեխանիզմներին և համայնքների դերակատարությանը։
Հայաստանի պատվիրակությունը այցելել է նաև ԲևՀ տարբեր համայնքներում գործող սոցիալական տներ՝ տեղում ծանոթանալու շահույթ չհետապնդող սոցիալական բնակապահովման ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև անմիջականորեն շահառուներից տեղեկանալու մանրամասներին։
Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ԲևՀ դրական փորձը և սոցիալական բնակարանային ապահովության հաջողված ինքնաբավ մոդելը պիլոտային ծրագրի միջոցով Հայաստանում փորձարկելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։

246